Ուկրաինան պատրաստ է արագ քայլերի խաղաղության հասնելու համար, իսկ ՌԴ-ն պետք է ընդունի լիակատար հրադադարը․ Զելենսկի
1 րոպեի ընթերցում

Ուկրաինան պատրաստ է հնարավորինս արագ քայլեր ձեռնարկել՝ իրական խաղաղության հասնելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Խոսել եմ նախագահ Դոնալդ Թրամփի, նախագահ Մակրոնի, դաշնային կանցլեր Մերցի, վարչապետներ Սթարմերի և Տուսկի հետ։ Մենք քննարկել ենք Ստամբուլում կայացած հանդիպումը»,–նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքով՝ աշխարհի դիրքորոշումը պետք է լինի ամուր, քանի որ հակամարտության դադարեցման հարցում վճռականություն է պահանջվում։
«Մեր դիրքորոշումն այն է, որ եթե ռուսները մերժեն լիակատար և անվերապահ հրադադարը և սպանությունների դադարեցումը, պետք է կիրառվեն խիստ պատժամիջոցներ։ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է պահպանվի մինչև Ռուսաստանը պատրաստ լինի դադարեցնել պատերազմը», – ընդգծել է նա։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնում են իր երկրին այս դժվարին փուլում։