Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին

3 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանն անդրադարձել են Հայաստան-ԵՄ  հարաբերությունների ընթացիկ փուլին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով: 

Վարչապետն ընդգծել է, որ ԵՄ հետ համագործակցությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և գործընկերության հիմքի վրա, որի առանցքում ժողովրդավարության ամրապնդումն ու օրենքի գերակայության ապահովումն են։ 

Գերտ Յան Կուպմանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերություններն՝ ընդգծելով, որ ԵՄ-ն դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր։ Նա դրական է գնահատել վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը՝ նշելով, որ դա կարևոր ուղերձ է, որը վկայում է Հայաստանի եվրոպական ընտրության անկեղծության և հետևողականության մասին։ Կուպմանն ընդգծել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ  կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը եւ պատրաստ է հետևողականորեն աջակցել այդ գործընթացին՝ ընդլայնելով համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանն ու քաղաքացիական հասարակության զարգացմանը։

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ  հարաբերությունների ընթացիկ փուլին, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին, տնտեսական և ոլորտային համագործակցությանը, թվայնացման, կանաչ էներգիայի, կրթության, ենթակառուցվածքների զարգացման և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են 2024 թվականին Բրյուսելում հայտարարված Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027թթ. համար նախատեսվող միջոցառումներին՝ ընդգծելով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:  

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող խնդիրներ, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում