Սպորտ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին

3 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին

Երևանում մայիսի 7-11-ն անցկացվող կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, hանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահին՝ կարևորելով կառույցի հետ արդյունավետ համագործակցությունը։ 

«ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է սպորտի զարգացումն ու մասսայականացումը հատկապես երեխաների ու երիտասարդների շրջանում: Սպորտի ռազմավարության առաջնային թիրախներից է Հայաստանում միջազգային մրցաշարերի անցկացումը, և այս առումով կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացումը Հայաստանում մեզ համար կարևոր փորձառություն է: Այս մարզաձևը լայն տարածում ունի դպրոցահասակ երեխաների շրջանում, ուստի առաջնության անցկացումը կնպաստի ինչպես կարատեի առավել տարածմանն ու զարգացմանը, այնպես էլ 2027 թ. Հայաստանում կայանալիք Եվրոպայի պատանիների և երիտասարդների կարատեի առաջնության նախապատրաստական աշխատանքներին»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ աղբյուրի՝ Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը բարձր է գնահատել Հայաստանի նախաձեռնողականությունը կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը հյուրընկալելու հարցում և վստահություն հայտնել, որ այն իրադարձային կլինի հայկական մարզաշխարհի համար:

«Կարատեն ինստիտուցիոնալ մարզաձև է, և հույս ունեմ այս մրցաշարը կնպաստի Հայաստանում կարատեի նկատմամբ հետաքրքրվածության ավելացմանը»,- ասել է Անտոնիո Էսպինոսը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին  համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջնության կազմակերպչական և ընթացիկ խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում