Կարող էի ավելին. Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի ԱԱ-ում իր ելույթի մասին
2 րոպեի ընթերցում

Հայայստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանն ամփոփել է Չինաստանում անցկացված Աշխարհի առաջնությունում իր ելույթները:
«Այդքան էլ գոհ չեմ իմ արդյունքներից, կարող էի ավելին: Պոկում վարժությունում բարձրացրի միայն մեկ մոտեցում: Չկարողացա բարձրացնել 90 կգ: Հրում վարժությունում բարձրացրեցի 120 կգ, որով էլ նվաճեցի այս վարժության բրոնզե մեդալը:
Տեղյակ չէի, որ 120 կգ-ը Եվրոպայի առաջնության ռեկորդ է: Ուրախ եմ, սակայն այդ ռեկորդի հետևից չէի եկել այստեղ, այլ՝ մեծ մեդալի: Մեծ նպատակներ ունեմ ապագայի հետ կապված: Չեմ խոստանա, բայց ամեն ինչ կանեմ, որ փայլուն հանդես գամ Երևանում 2027 թվականին կայանալիք աշխարհի առաջնությունում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրիգորյանի խոսքերը փոխանցում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Աշխարհի առաջնության կանանց 57 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ՝ բարձրացնելով 85 կգ: Նա երկու մոտեցմամբ չբարձրացրեց 90 կգ:
Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 114 կգ ու120 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր:
Երկամարտի 205 կգ արդյունքով՝ Ալեքսանդրա Գրիգորյանն աշխարհի առաջնությունում 4-րդն է: