Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել կառուցողական դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում

9 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանը մայիսի 7-ի լիագումար նիստի ընթացքում քվեարկության դրեց ու հաստատեց Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր դերակատարմանը։  

Զեկույցին կողմ է քվեարկել 367, դեմ 74, ձեռնպահ՝ 188 պատգամավոր։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված զեկույցով Եվրոպական խորհրդարանը աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հաշտեցման, բարիդրացիական հարաբերությունների, տարածաշրջանային կայունության և անվտանգության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման շահերից ելնելով, և ողջունում է մինչ այժմ գրանցված առաջընթացը։ 

Եվրախորհրդարանականները ողջունում են երկու երկրների միջև կապերի վերականգնման շարունակական ջանքերը, կոչ են անում Թուրքիային արագացնել Թուրքիայի և Հայաստանի կառավարությունների հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչպիսիք են օդային տարածքի և սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Զեկույցը ողջունում է Սիրիային մարդասիրական օգնություն փոխանցելու նպատակով Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը։ ԵԽ պատգամավորները հույս են հայտնում, որ այս զարգացումները կարող են խթան հանդիսանալ Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման համար՝ այդ թվում անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից, և ընդգծում են ԵՄ-ի շահագրգռվածությունն այս գործընթացին աջակցելու հարցում։

Զեկույցը խրախուսում է Թուրքիային տարածաշրջանային կայունության խթանման գործում կառուցողական դեր խաղալ՝ աջակցելով Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացի շուտափույթ ավարտին, մասնավորապես Ադրբեջանի վրա իր ազդեցությունն օգտագործելով և Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության դեմ հնարավոր հետագա ռազմական գործողությունները կանխելով։  

 

Զեկույցը հերթական անգամ կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց Ցեղասպանությունը՝ որպես Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդների միջև իրական հաշտեցման ճանապարհ հարթելու միջոց, և լիարժեք հարգել հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու իր պարտավորությունները։

Ըստ զեկույցում տեղ գտած կետերի՝ Եվրոպական Միությունը շարունակում է ճանաչել Թուրքիան որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, սակայն ընդգծում է, որ բանակցությունները փաստացի կանգ են առել 2018 թվականից՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների խաթարման վերաբերյալ լուրջ մտահոգությունների պատճառով։ Զեկույցում նշված է, որ թեպետ Թուրքիան հայտարարում է ԵՄ-ին ինտեգրվելու իր հանձնառության մասին, այն քիչ առաջընթաց է գրանցել հիմնական արժեքներին ու չափանիշներին համապատասխանեցման հարցում՝ հատկապես դատական անկախության, խոսքի ազատության և հիմնարար իրավունքների հարգման ոլորտներում։  

Զեկույցում ասվում է, որ Թուրքիան գրանցել է որոշ տնտեսական բարեփոխումներ, սակայն ընդգծվում է ժողովրդավարության հետընթացի շարունակական միտումը։ 

«Թուրքիան շարունակում է անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, ցույց է տալիս մտահոգիչ պատկեր խոսքի ազատության, գենդերային հավասարության և դատական անկախության առումով։ Թուրքիան կալանավորման ամենաբարձր մակարդակն ունի Եվրոպայի խորհրդում և հաճախ է քննադատվում հակաահաբեկչական օրենսդրությունն ընդդիմությանը և քաղաքացիական հասարակությանը լռեցնելու համար օգտագործելու պատճառով»,- ասված է զեկույցում։

Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հանձնառության կարևորությունը, սակայն խորը մտահոգություն է հայտնում Կոպենհագենյան չափանիշների՝ հատկապես ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ուղղությամբ իրական առաջընթացի բացակայության կապակցությամբ։ Չնայած Թուրքիայի կառավարության վերջին հայտարարություններին ԵՄ-ի հետ հարաբերությունները վերականգնելու մասին՝ Եվրախորհրդարանն ընդգծում է, որ այդ խոսքերը չեն ուղեկցվել էական բարեփոխումներով։

ԵԽ-ն  քննադատում է Թուրքիայում շարունակվող ավտորիտար կառավարման պրակտիկան, դատական համակարգի քաղաքականացումը և ԵՄ-ի հիմնարար արժեքների հետ անհամապատասխանությունը։ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ռազմավարական գործընկերության շեղումը դիտարկվում է որպես լիակատար անդամակցությունից հետքայլ, ինչը արտացոլում է ԵՄ-ի մտահոգությունը ժողովրդավարական հետընթացի կապակցությամբ։ 

Զեկույցը խստորեն դատապարտում է Թուրքիայում մարդու իրավունքների համակարգային խախտումները և ժողովրդավարական չափանիշների թուլացումը՝ ներառյալ ընդդիմադիր քաղաքական գործիչների, լրագրողների, փաստաբանների և փոքրամասնությունների նկատմամբ ճնշումները։  

Եվրոպական խորհրդարանը գոհունակություն է հայտնում Թուրքիայի կողմից միլիոնավոր, հատկապես սիրիացի փախստականների ընդունելու առնչությամբ։  Կարևորվում է ԵՄ-ի էական ֆինանսական աջակցությունը փախստականների կարիքների համար, բայց նաև շեշտադրվում է այդ միջոցների օգտագործման թափանցիկության անհրաժեշտությունը և պահանջվում է, որ միգրացիայի և սահմանների վերահսկման վերաբերյալ ԵՄ աջակցությամբ բոլոր ծրագրերը լիովին համապատասխանեն մարդու իրավունքների չափանիշներին։  

Զեկույցում թեև ողջունվում է արևելյան Միջերկրականում երկկողմ երկխոսության բարելավումը, բայց ԵՄ-ն շարունակում է անհանգստանալ Թուրքիայի կողմից ԵՄ անդամ պետությունների ինքնիշխանության խախտումների և վիճարկվող ծովային տարածքներում ռազմական ներկայության վերաբերյալ՝ հորդորելով լիակատար հարգանք միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի ծովային իրավունքների կոնվենցիայի նկատմամբ։ 

Չլուծված Կիպրոսի հարցը մնում է ԵՄ-Թուրքիա հարաբերությունների հիմնական խոչընդոտը։ Թեպետ վերջին շրջանում վստահության ամրապնդման միջոցառումներ են եղել և ՄԱԿ-ի հովանու ներքո վերսկսված ոչ պաշտոնական բանակցություններ կան, ԵՄ-ն դատապարտում է Թուրքիայի միակողմանի գործողությունները, այդ թվում՝ օկուպացված տարածքների ռազմականացումը և դեմոգրաֆիկ մանիպուլյացիան, ինչպես նաև Վարոշայում ապօրինի գործունեությունը։ 

Եվրոպական խորհրդարանը գոհունակություն է հայտնում Թուրքիայի կողմից ավանդական տնտեսական քաղաքականության վերադարձի, չափավոր բյուջետային դեֆիցիտի և կանաչ էներգիայի ներդրումների ավելացման առնչությամբ, սակայն մտահոգություն է հայտնում սոցիալական խոցելիության աճի մասին, հատկապես երեխաների և տարեցների շրջանում, որը պայմանավորված է եկամուտների անհավասարությամբ և աղքատության հաղթահարման ռազմավարության բացակայությամբ: 

Չնայած մակրոտնտեսական բարեփոխումներին և FATF-ի մոխրագույն ցանկից Թուրքիայի դուրս բերմանը՝ համակարգային խնդիրներ են մնում օրենքի գերակայության թուլացում, արհմիությունների ազատության սահմանափակումը և անբավարար բնապահպանական պաշտպանությունը: 

Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ուժեղացնել սոցիալական պաշտպանությունը, բարելավել աշխատանքային պայմանները և խրախուսել կլիմայական գործողությունները՝ միևնույն ժամանակ ճանաչելով Թուրքիայի հնարավորությունները տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու առումով:

Զեկույցի հեղինակը ԵԽ-ում Թուրքիայից հարցերով զեկուցող, Իսպանիան ներկայացնող պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամ Նաչո Սանչես Ամորն է։  Զեկույցը նախապես քննարկվել և հաստատվել էր Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։ 

 

Հայերեն English Русский Türkçe 中文

Նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկում Անկախության հռչակագիրը․ Արթուր Հովհաննիսյան

Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերի վաճառքը

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար

«Զվարթնոց» օդանավակայանում ժամանակավորապես ցերեկային ժամերին թռիչքներ չեն իրականացվի

Քայլ-քայլ Հայաստանի պետական սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրակելու ենք մեր սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում

Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները

«Ուժեղ Հայաստան»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացման համար մեկից ավելի երաշխավորների անհրաժեշտություն է տեսնում

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում տեղադրված ականների վրա երկու լցանավի պայթելու մասին