Մարզեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ցուցանիշները

2 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ցուցանիշները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վաչրչապետի աշխատակազմից հայտնում են, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես՝ ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ գործարքների թիվը կազմում է 2254: 

Հանդիպմանը քննարկվել են ծրագրի ընթացիկ, ինչպես նաև հետագա շարունակականությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ծրագրին մասնակցության նոր չափանիշների սահմանմանը, ըստ այդ չափանիշների թիրախների որոշմանը, բնակարանային խնդիր ունեցող այլ խմբերին ծրագրում ինտեգրելու հնարավորությանը: 

Վերոնշյալ հարցերի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրություն իրականացնել և տեղեկատվություն ներկայացնել նոր սահմանված չափանիշներին համապատասխանող պոտենցիալ շահառուների վերաբերյալ: 

Խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև օրերս Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցերի ընթացքում բարձրացված խնդիրներին՝ պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ: 

Խոսելով կրթահամալիրների շինարարության և տրանսպորտային ծառայության մատուցման համաժամանակյա իրականացման մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Կրթահամալիրների ծրագրում ճանապարհների բարեկարգումը պարտադիր պայման է: Այսինքն՝ այնտեղ, որտեղ ունենք կրթահամալիր, այդ տեղերի ճանապարհների նորոգումը բացարձակ առաջնահերթություն է՝ համաժամանակայնացնելով կրթական պրոցեսի հետ, ինչպես նաև կոորդինացնելով տրանսպորտային ցանցի ներդրման հետ»,-հավելել է վարչապետը: 

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև ճանապարհների գծանշման կարևորությանը, հանձնարարել գծանշման չափանիշներ ներդնել և խնդիրը լուծել: 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում