ԵՄ ներգրավվածությունը Հարավային Կովկասում կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում. Կայա Կալաս

3 րոպեի ընթերցում

ԵՄ ներգրավվածությունը Հարավային Կովկասում մնում է կարևոր՝ տարածաշրջանային համագործակցության միջոցով խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման համար, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքէջը, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը՝ պատասխանելով Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավոր Էմանուիլ Ֆրագկոսի գրավոր հարցադրումներին։

Վերջինս հետաքրքրվել էր, թե արդյոք «Ջեյհուն Բայրամովի հետ Կալասի հանդիպման ժամանակ Ալիևի ռեժիմի արտաքին գործերի նախարարը պարտավորվել է ազատ արձակել ավելի քան 320 քաղբանտարկյալների, հայրենադարձել հայ պատանդներին և երաշխիքներ տալ Արցախ հայերի արժանապատիվ վերադարձի մասին՝ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռներին համապատասխան»։ Պատգամավորը հետաքրքրվել է նաև, թե ինչո՞ւ «ԵՄ-ն չի կարող հրաժարվել մեղմ քաղաքականությունից, երբ գործ ունի Ադրբեջանի նման բռնատիրական պետությունների հետ»:

Կալասը նշել է նաև, որ Մարդու իրավունքները և օրենքի գերակայությունն Ադրբեջանում մնում են ԵՄ-ի առաջնահերթությունը և հանդիսանում են ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների հիմքը։ 

«ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել, որ իրենց գործողությունները համապատասխանեն ներպետական ​​և միջազգային իրավունքով նախատեսված համապատասխան պարտավորություններին: ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Ադբեջանում լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների ձերբակալությունների աճի առթիվ։ Այս համատեքստում ԵՄ-ն մշտապես կոչ է արել ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր ազատազրկված են իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար: Այս ուղերձները հրապարակայնորեն և երկկողմանի են փոխանցվել բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Բարձր ներկայացուցչի/Փոխնախագահի մակարդակով»,- գրավոր հարցադրմանը պատասխանել է Կալասը։

Կալասը ողջունել է երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը և կոչ է արել նրանց պահպանել այդ թափը և ապահովել ամբողջ գործընթացի սահուն ավարտը։ Նա նշել է, որ ԵՄ ներգրավվածությունը Հարավային Կովկասում կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում։

Հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանն ընդունեց «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևը, որում Եվրախորհրդարանը միակողմանիորեն մերժում է Ալիևի բռնապետական ​​ռեժիմի հետ սովորական բիզնեսի գաղափարը։

 

Հայերեն العربية English Español Français Русский

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ