Քաղաքականություն

Վրաստանի նախագահը հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում

2 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահը հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում

Վրաստանը միանշանակորեն ողջունում է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը և հույս ունի, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ։

«Վրաստանը միանշանակորեն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի 2025 թվականի մարտի 13-ի հայտարարությունը՝ խաղաղության համաձայնագրի պայմանների շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ սա կարևոր գործընթացի սկիզբն է, որը պահանջում է հետագա համատեղ ջանքեր խաղաղ, անվտանգ, կայուն և զարգացած Հարավային Կովկասի տարածաշրջան ստեղծելու համար։  Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում կստորագրեն խաղաղության համաձայնագիրն ու դրանով իսկ Հարավային Կովկասում դրական զարգացման դինամիկան և տարածաշրջանի գրավչությունը կբարձրանա»,-ընդգծել է Վրաստանի նախագահը։ 

Միխեիլ Կավելաշվիլին նաև նշել է, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2025 թվականի ապրիլի 17-ին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարների միջև Թբիլիսիում կայացած եռակողմ հանդիպմանը, որը, Վրաստանի նախագահի բնորոշմամբ, Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ փոխշահավետ համագործակցության գործընթացի սկիզբն է։ 

«Վրաստանն անսասանորեն հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացին։ Մենք պատրաստ ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը բոլոր ուղղություններով և նպաստել արդար ու խաղաղ բազմաբևեռ միջազգային կարգի ձևավորմանը»,-ասել է Միխեիլ Կավելաշվիլին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում