Հայաստանն ու Վրաստանն օրինակելի երկկողմ համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում. Միխեիլ Կավելաշվիլի

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Վրաստանն օրինակելի երկկողմ համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում․ Երևանի ու Թբիլիսիի միջև 2024 թվականին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրն ամուր բարեկամական հարաբերությունների ևս մեկ հաստատում է և ճանապարհ է հարթում բոլոր ոլորտներում ավելի խորը և համապարփակ համագործակցության համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին: 

Վերջինս մանրամասնել է, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում ինքը գոհունակությամբ նշել է, որ աշխարհում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Թբիլիսին և Երևանը շարունակում են խորացնել երկկողմ սերտ քաղաքական, տնտեսական կապերը։  

«Վրաստանն ու Հայաստանը օրինակելի երկկողմ համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում․ անցյալ տարի մենք ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր (խմբ․ Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ՝ ստորագրված 2024 թվականի հունվարի 26-ին), որը ամուր բարեկամական հարաբերությունների ևս մեկ հաստատում է և ճանապարհ է հարթում բոլոր ոլորտներում ավելի խորը և համապարփակ համագործակցության համար»,-ընդգծել է  Միխեիլ Կավելաշվիլին։ 

Նա նկատել է, որ Հայաստանը Վրաստանի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկն է։ 

«Մեր երկիրն ամեն տարի մեծ թվով այցելուներ է ընդունում Հայաստանից, և այս ցուցանիշով Հայաստանը միշտ գտնվում է այցելուների ցուցակի 1-ին եռյակում»,-շեշտել է Վրաստանի նախագահը։ 

Հայերեն English Español Русский