Հայոց ցեղասպանություն

Բրյուսելում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում

3 րոպեի ընթերցում

Բրյուսելում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում

ԲՐՅՈՒՍԵԼ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելի Սբ․Մարիամ Մագդաղենացի եկեղեցում և  Միշու Հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում, որը կազմակերպել էր Բելգիայի հայերի կոմիտեն։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը, Բրյուսելի քաղաքապետ Ֆիլիպ Կլոզը, Բելգիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, բելգիացի քաղաքական, հասարակական գործիչներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ և Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։ 

Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանն իր խոսքում նշեց, որ 2020 թվականից ի վեր ապրիլի 24-ը ոչ միայն Հայոց Ցեղասպանության հիշատակման օրն է, այլև Լեռնային Ղարաբաղում և արցախահայության հետ պատահածի մասին բարձրաձայնելու առիթ։ Ռոբերտ Ունուսյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների ֆոնին վերջինի պահվածը գալիս է ևս մեկ անգամ հաստատելու, որ նրանք խաղաղության օրակարգ չունեն։ 

Դեսպան Բալայանն իր ելույթում անդրադարձավ ցեղասպանության հանցագործությունների կանխարգելմանն ուղղված Հայաստանի ջանքերին և ընդգծեց 2015թ․ ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ի՝ որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության միջազգային օր ամրագրելու, ինչպես նաև 2024թ. ապրիլին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի ընդունման կարևորությունը։ 

Դեսպան Բալայան կարևորեց անցյալի դասերի վրա հիմնված ապագա կառուցելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ Հայաստանը հանձնառու է նպաստելու խաղաղությանը, հաշտությանը և կայուն զարգացմանը՝ քայլեր ձեռնարկելով, որ նման հանցագործությունները երբեք չկրկնվեն:

Ելույթներով հանդես եկան նաև Բրյուսելի Իքսել համայնքի ղեկավար Ղոման դը Ռոզմը, Բելգիայի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դը Մաեգդը։ 

Միջոցառմանը ներկա դիվանագետները, կազմակերպությունների ղեկավարները՝ ի նշան հարգանքի, ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ։  

Խաչքարի մոտ ոգեկոչման արարողությունից հետո Բելգիայի հայ համայնքի անդամները բողոքի ակցիա իրականացրեցին Բրյուսելում Թուրքիայի դեսպանության մոտ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում