Մշակույթ

Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու վարկանիշային ցուցահանդեսին ներկայացվել է 500 հայտ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու վարկանիշային ցուցահանդեսին ներկայացվել է 500 հայտ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ապրիլի 21-ին այցելել է Հայաստանի նկարիչների միություն, որտեղ ընթանում է վարկանիշային ցուցահանդես` միության անդամ դառնալու նպատակով: Այցին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախարարը շրջել է սրահներում, զրուցել աշխատանքների հեղինակների հետ:  Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողներից նա հետաքրքրվել է՝ ի՞նչ աշխատանքներ են ներկայացրել, ի՞նչ ակնկալիքներ ունեն, արդյոք պատրաստվո՞ւմ են հաջորդ տարիներին ևս դիմել:  

Վարկանիշային ցուցահանդեսը գործում է 2019 թվականից. այն նախատեսված է Հայաստանի նկարիչների միության անդամ չհանդիսացող կերպարվեստի ներկայացուցիչների համար: Դիմողները ներկայացնում են գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ կիրառական արվեստ. թեմայի ընտրության հարցում նրանք ազատ են: 

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով՝ այս տարի ներկայացվել է 500 հայտ, որից հանձնաժողովն ընտրել է ավելի քան 200 աշխատանք: 8 մասնակից ստացել է խրախուսական նվեր: Ցուցահանդեսին մասնակցելու հնարավորություն ունեցող մասնակիցը ստանում է մեկ միավոր. 5 միավոր ունենալու դեպքում հնարավորություն է տրվում դառնալու Հայաստանի նկարիչների միության անդամ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում