Փաշինյանը գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ ծանոթացել է Կիրանցի հիմնական դպրոցում և Սուրբ Երրորդություն եկեղեցում կատարված աշխատանքներին
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել է Կիրանց: Այցի շրջանակում ներկայացվել են սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները, ծանոթացել են գործընթացից հետո բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, աշխատաժողովի մասնակիցները եղել են Կիրանցի հիմնական դպրոցում, որը կառուցվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում, ծանոթացել են նաև 19-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու՝ Կառավարության ֆինանսավորմամբ վերականգնման աշխատանքներին:
Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել է, որ Կիրանցում սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության (տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսագումարի չափով մարման համար-խմբ.) մի քանի տասնյակ տներ են կառուցվում։