Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամներին

3 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամներին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, մոնիթորինգային այցով Հայաստանում գտնվող պատվիրակության կազմում են Մոլդովայի ներկայացուցիչ Տատյանա Կատանան, Պորտուգալիայի ներկայացուցիչ Ռիտա Պենեդան և ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի քարտուղարության ներկայացուցիչ Փարվին Ղադամին: 

Հանդիպման ընթացքում Պաշտպանը հյուրերին ներկայացրել է իր լիազորությունների շրջանակը և գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է զուգակցվի դրանց խթանմանն ուղղված հետևողական աշխատանքով։ 

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր, Պաշտպանի լիազորությունների շրջանակը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելման բնագավառում, ոլորտը կարգավորող իրավական դաշտը: 

Անդրադարձ է կատարվել Պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկման այցերին տարբեր հաստատություններ, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժական, ուսումնական հաստատություններ, որոնց շրջանակում, ի թիվս այլնի, քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործմանն առնչվող հարցեր: 

«Պաշտպանը ներկայացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2023 և 2024 թվականների տարեկան հաղորդմամբ արձանագրված առանձին խնդիրներ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ոլորտում։ Արձանագրված խնդիրները վերաբերել են հանրային իրազեկվածության բարձրացման, իրավապահ մարմինների ծառայողների կարողությունների և հմտությունների կատարելագործմանն ուղղված վերապատրաստումների իրականացման, «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» ԵԽ կոնվենցիայի վավերացման անհրաժեշտության հարցերին և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև Թրաֆիքինգի հարցերով անկախ ազգային զեկուցողի ինստիտուտ ներդնելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկին: 

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել արդյունավետ քննարկման համար՝ ևս մեկ անգամ վերահաստատելով արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը՝ ի շահ մարդու իրավունքների պաշտպանության և թրաֆիքինգի դեմ համակարգված պայքարի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում