Լքված լեռնային գյուղերի պատկերը. իրականության և պատրանքների անջնջելի հետագիծը
9 րոպեի ընթերցում

Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի տարածքում գտնվող Վիշապի կիրճից դուրս գալուց հետո, «Աժդահակ Տուր»-ի ղեկավար Թաթուլ Տոնոյանի ուղեկցությամբ, շարժվում ենք դեպի հարավ՝ անցած դարի 60-70-ական թվականներին լքված գյուղերի պատկերը տեսնելու, նրանցում պահպանված պատմական հուշարձաններին ծանոթանալու նպատակով։
Մեր դիմաց վեհորեն բարձրանում է Գայլի ականջ կոչվող լեռնագագաթը, իսկ նրա ստորոտները պատված են ռելիեֆային բազմատեսակ կտրվածքներով։ Մեր շրջակայքում մայրամուտի շողքերի ներքո շռայլորեն փայլփլում են ալոճենիների նորաբաց ծաղկաբույլերը՝ զարդարելով շրջակայքի լեռնալանջերը, հավերժական քարակարկառները։ Ճանապարհի ձախ կողմում Թաթուլը մատնացույց է անում ամայի դաշտի մեջ վեհորեն կանգնած միայնակ խաչքարը՝ ավելի քան երկու մետր բարձրությամբ։ Հուզմունքով մոտենում ենք խաչքարին, մոտիկից զննում նրա կերտվածքը և վերին քիվի վրա արված հայատառ արձանագրությունը։ Խաչքարի դիմային մասում իրար կողքի ու ներքո բացված ութ վանդակներում քանդակված են ձեւավոր խաչեր, որոնցից մեկի վրա էլ նշված է պատրաստման թվականը՝ 1551։
Անմիջապես վառ տպավորությամբ եզրակացնում ու համոզվում եմ, որ նման ոճի խաչքար նկատել եմ ընդամենը ժամեր առաջ, Հորս գյուղի իշխանական պալատի կողքին գտնվող եկեղեցու ավերակներում։ Ապա լեռնային քարքարոտ ճանապարհներով շարունակում ենք մեր ընթացքը դեպի վեր ու մտնում Բոլորաբերդ լքված գյուղ, ուր մեզ դիմավորում են հին տների ու եկեղեցու ավերակները, ամայացած նեղլիկ փողոցները, հողամասերի կիսաքանդ պարիսպները։ Միայն մի քանի վերականգնված, տարատեսակ հարմարություններով ծածկված տնակներ ենք նկատում, որոնք վերջին տարիներին օգտագործվել են անասնապահությամբ զբաղվող ընտանիքների կողմից՝ որպես ամառային արոտի շրջանի համար ծառայող կացարան։ Մնացած տները կիսաքանդ են կամ հիմնավեր հողին հավասարեցված։ Կիսավեր է նաեւ Բոլորաբերդի եկեղեցին, որը Վայոց Ձորի հուշարձանների պետական պահպանության ցանկում ընդգրկված է որպես 18-րդ դարի կառույց։
Եկեղեցու հարավային կողմում պահպանված է կամարակապ ու նախշազարդ մուտքը, իսկ պատի մեջ ագուցված են մի քանի գեղաքանդակ խաչքարեր, որոնցից մեկը կենաց ծառի պակերով է, իսկ մյուս երկուսը՝ հայատառ արձանագրություններով։ Եկեղեցու երկու սենյակները բաժանված են միջնապատով, որն, ամենայն հավանականությամբ, շարվել է շատ ավելի ուշ ժամանակներում, միգուցե, խորհրդային անաստվածության տարիներին, երբ մեր բոլոր եկեղեցիներն ու վանքերը վերածվել էին պահեստների կամ հանրային նշանակության այլ շինությունների։ Անգամ այդ ավերակների մեջ Բոլորաբերդի եկեղեցին մեզ թվաց շատ վեհաշուք ու հոգեհարազատ՝ իր գեղաքանդակ խաչքարերով ու հայատառ արձանագրություններով, կամարակապ ու նախշազարդ քարե մուտքով։
ՀՀ ԿԳՄՍ նախարարարության պատմական միջավայրի պահպանության Վայող ձորի մարզային ծառայության կողմից հրապարակած, պետական պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում Բոլորաբերդ գյուղը նշված է որպես 16-20-րդ դարերում գործած բնակատեղի, որը հիմնովին լքվել է 1960-ական թվականներին։ Բոլորաբերդը փռված է սարավանդի մի ընդարձակ հատված վրա՝ բավականին նկատելի թեքությամբ։ Գյուղի հարավարևմտյան կողմում անդնդախոր ձորն է, հարավում ու հարավարեւելյան կողմում՝ ձորաշատ ու քարքարոտ լեռնալանջերն ու բարձունքները։ Ամեն դեպքում, հայ ընտանիքներն այստեղ ապրել ու արարել են մի քանի դար շարունակ՝ դիմանալով լեռնային խստաշունչ կլիմայի պայմաններին, սոցիալ-տնտեսական զանազան դժվարություններին, սակայն ժամանակի ընթացքում տրվել են մայրաքաղաքում կամ այլ վայերում լավ կյանք որոնելու գայթակղությանը և լքել են հայրենի ոստանն ու իրենց ծնողների, ապուպապերի շիրիմները։
Հավելենք, որ Բոլորաբերդ բնակատեղին գտնվում է Ագարակաձոր գյուղից 10 կիլոմետր հարավ։ Բոլորաբերդ բնակատեղիից մեր ճանապարհը շարունակում ենք դեպի հարավ-արևմուտք, դեպի մեկ այլ լքված գյուղ, որի անունը Գանձակ է, ավելի հին անվանումը, որի մասին հիշատակում է Երվանդ Լալայանը՝ Նորիք կամ Էնգիջա։ Մեզանից հյուսիս, իր ողջ շռայլության մեջ, բարձունքից, ինչպես ափիդ մեջ, փռված է Վիշապի կիրճը։ Մթնշաղը դիմավորում ենք Գանձակի եկեղեցու մոտ։
Այն ահագին շինություն է՝ սրբատաշ կոփածո քարերով, կանգուն վիճակում։ Արտաքին տեսքից նկատելի է, որ նորոգվել է վերջին ժամանակներում։ Տանիքը ծածկված է ազբեստյա շիֆերներով, սակայն ծածկի փայտյա գերաններն ու մարթակները շատ հին են։ Դատելով բազիլիկ եկեղեցու ահագին մեծ մակերեսից, դժվար չէ պատըկերացնել, որ ժամանակին այս գյուղը եղել է մեծ բնակատեղի՝ բազմամարդ բնակչությամբ։ Եկեղեցու դռան մուտքի ու լուսամուտների վերնամասերում ու պատերի այլ հատվածներում ագուցված են մի քանի գեղաքանդակ ու արձանագիր խաչքարեր, որոնցից մեկի վրա հստակ կարդացվում է խաչքարի պատրաստման թվականը՝ ՋՁԲ/1533/։
Բազմաթիվ խաչքարեր կան նաեւ եկեղեցու ներսում, որոնք դիտելու և լուսանկարելու համար ստիպված ենք միացնել մեր հեռախոսների լուսավորությունները։ Ամեն դեպքում, մեր լուսանկարած բոլոր խաչքարերն իրենց ոճի մեջ բացառիկ ու գեղեցիկ էին։ Եկեղեցու ներսի քարե հսկա սյուները եւս մեզ տպավորում են իրենց ճարտարապետական տեսքի մեջ։ Աստիճանաբար թանձրացող մութը միանգամից կլանեց Գանձակի կամ Նորիքի եկեղեցու համայնապատկերը և դիտարժան բոլոր հատվածները, որոնք կարիք ունեին ավելի մանրակրկիտ ուսումնասիրության։ Խավարի մեջ կորան նաև Գանձակ կամ Նորիք գյուղի ավերակները, ու մեզ միայն մնաց բաժանվել այդ լքված գյուղի տարածքից, որտեղ կյանքը եռացել է հարյուրամյակներ կամ հազարամյակներ շարունակ, որտեղ ժամանակին ծիլ ու ծաղիկ է տվել հայկականությունը՝ աշխարհիկ ու հոգեւոր արժեքների բոլոր դրսեւորումներով։
Գանձակ կամ Նորիք գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղից 12 կլիոմետր հարավ-արևմուտք, Գնշիկ տանող ճանապարհից դեպի ձախ, Գնշիկից 3-4 կիլոմետր հյուսիս-արևելք։ Գյուղը ապաբնակեցվել է 1970-ական թվականներին։ Վերջին կանգառը կատարում ենք Ագարակաձոր գյուղի եզրին գտնվող հանքային ջրի աղբյուրի մոտ, որն իր քարե բնական, անձեռակերտ թասով ու հանքային ջրի անդադար ժայթքումով շքեղ տեսք է տալիս շրջապատին, անկրկնելի համ ունեցող անսպառ ջուր՝ իրեն այցելող անհամար մարդկանց, տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներին։
Վայոց ձորից դեպի Գեղարքունիքի մարզ ձգվող վերադարձի ճանապարհին, ինչպես նաեւ հետագա օրերի ընթացքում միտքս անդադար կրծում են լքված գյուղերի պատկերները, նրանց շուրջ ծնվող խոհերը։ Այդ ինչպե՞ս է եղել, ու՞մ ձեռամբ կամ մտահղացմամբ է եղել, որ հարյուրամյակներով կամ հազարամյակներով կարողացել ենք լեռներ ու ժայռեր ճեղքելով տներ կառուցել, կյանք արարել, արվեստի գլուխգործոցներ կերտել, հավատի տներ հիմնել, դիմանալ ժամանակների հողմերին ու աշխարհավեր ցեղերի արշավանքներին, սակայն չենք կարողացել կռիվ տալ վերջին դարի գայթակղիչ պայմանների դեմ, որոնք չար հողմների պես իրենց ճանապարհից սրբել-տարել են մի ժամանակ շատ եռուն, սիրով ու արարչագործ զորությամբ լի կյանքը, եռանդն ու նվիրումը, հովվերգական կյանքը, հողագործի արդար քրտինքը, որոնք մեկ բառով կարելի է կոչել՝ Գյուղաշխարհ։ Մեկ անգամ եւս համոզվում եմ, որ Հայաստան աշխարհի ամեն մի թիզը պահելու համար պետք է ավելի ամուր կառչել այդ հողին՝ փայփայելով ու մշակելով այն, նրա վրա ծնելով հայ ապագա ռանչպարին ու արհեստավորին, քանդակագործին ու շինարարին, ուսուցչին ու պատմագրին, բժշկապետին ու իշխանին, վարդապետին ու զորավարին, որ մեր 1500-ամյա մատենագրության էջերում հիշատակված են բազմաթիվ փառավոր անուններով։ Այլապես, օտար երկրներում հայ մարդու համար չկա ու չի կարող լինել հայրենի հող, հայկական արյուն ու ավյուն, ոսկեղենիկ հայոց լեզու․․․ Ուրեմն, պետք է ձգտենք շեն պահել եղած գյուղաշխարհը, իսկ լքված գյուղերի վերաբնակեցման ուղղությամբ լրջորեն մտածենք։