Իրավունք

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2010-2018 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, պետության օրինական շահերին պատճառել է էական վնաս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը Երևանի հասցեներից մեկում գտնվող 2500 քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակության փոփոխության գործընթացը հակաօրինական ճանապարհով ավարտին հասցնելու և այն ապօրինի կերպով քաղաքապետի տեղակալի որդուն օտարելու նպատակով կազմել և քաղաքապետին է ներկայացրել կեղծ տվյալներ:

Բացի այդ, վերջինս ռեստորանային համալիրներից մեկի զբաղեցրած հողամասի մի հատվածի նկատմամբ ՍՊ ընկերության իրական շահառու՝ ՀՀ 3-րդ նախագահի թիկնազորի պետի կնոջ սեփականության իրավունքը գրանցելու նպատակով, Ուսանողական այգու տարածքում ընկերության կողմից կառուցված շինության վերաբերյալ կազմել է կեղծ եզրակացություն, և ՀՀ հողային օրենսգրքով սահմանված նորմերին հակառակ՝ հողամասն ավելի քան 24 մլն դրամով ապօրինի օտարվել է հիշյալ ընկերությանը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին ու օրինական շահերին:

Նախաքննության ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում