Մարզեր

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

3 րոպեի ընթերցում

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և  կավե քանդակագործության խմբակ

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում գործող Տարաս Շևշենկոյի անվան մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և  կավե քանդակագործության խմբակ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համանքապետարանի աշխատակազմից, օրերս  Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը և Ուկրաինայի դեսպանության աշխատակիցները մասնակցել են  «Սևան»  խմբակի բացման արարողությանը։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են  Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Սևանի համայնքապետարանի, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների, Հայաստանի ուկրաինացիների «Ուկրաինա» ֆեդերացիայի, ինչպես նաև ուկրաինական համայնքի ներկայացուցիչներ։

Պատվավոր հյուրերի թվում են եղել նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետի պրոֆեսիոնալ կերամիստ դասախոսները։

Պաշտոնական մասից հետո երեխաների և բոլոր ցանկացողների համար անցկացվել է կավագործության հետաքրքիր վարպետաց դաս։ Վարպետ Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ մասնակիցներն առաջին անգամ փորձել են  աշխատել կավագործական անվի վրա՝ սեփական ձեռքերով պատրաստելով իրենց առաջին կավե աշխատանքները։

Միջոցառման ընթացքում Վալերի Լոբաչը շնորհակալություն է հայտնել Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնի ղեկավար Լյուսինե Գոնչոյանին՝ այս կարևոր նախաձեռնության իրականացման համար, ինչպես նաև բոլոր գործընկերներին, որոնք աջակցել են դրա կյանքի կոչմանը։ Առանձնահատուկ շնորհակալության խոսքեր են ուղղվել  Հայաստանի Կարմիր խաչի ընկերությանը, որի աջակցությամբ խմբակի համար ձեռք են բերվել կավագործական անիվ, կերամիկայի թրծման հատուկ վառարան և դասերի անցկացման համար անհրաժեշտ նյութեր։

«Նման նախագծերը շատ ավելին են, քան պարզապես ստեղծագործական պարապմունքներ։ Դրանք միավորում են մարդկանց, օգնում երեխաներին բացահայտել իրենց տաղանդները, պահպանել ուկրաինական մշակութային ժառանգությունը և միաժամանակ խորացնում են ուկրաինական և հայկական ժողովուրդների բարեկամությունը», - նշել է Վալերի Լոբաչը։

«Այս նախաձեռնությունը դարձավ ևս մեկ կարևոր քայլ Հայաստանում ուկրաինական համայնքի զարգացման, երեխաների և մեծահասակների ստեղծագործական զարգացման նոր հնարավորությունների ստեղծման, ուկրաինական ավանդույթների պահպանման և ուկրաինացիների ու հայ գործընկերների միջև մշակութային կապերի ամրապնդման գործում»,-ներկայացրին Սևանի համայքնապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում