«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը շուրջ 40 մլն դրամ է վերադարձրել կինոյի հիմնադրամին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից արտադրական նպատակով «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմին տրամադրված աջակցությունը` շուրջ 40 մլն դրամ, ամբողջովին վերադարձվել է հիմնադրամի բյուջե։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Orer.eu կայքը՝ մեջբերելով ֆիլմի պրոդյուսեր Աննա Մաքսիմի խոսքերը:
«Սա ֆիլմի նաեւ ֆինանսական հաջողության լավագույն վկայությունն է։ Արդեն յոթ ամիս է, ինչ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը շարունակում է նվաճել հայ հանդիսատեսի համակրանքը: Վերջին յոթ ամիսների ընթացքում ֆիլմը ցուցադրվել է Երևանում, Հայաստանի մարզերում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, եվրոպական տասնյակ երկրների՝ շուրջ 33 քաղաքներում, արժանացել ֆիլմասեր հասարակության ջերմ գնահատականին, նվաճել մրցանակներ»,- նշված է կայքի հրապարակման մեջ:
Ի դեպ, վերջերս Կանադայի «Պոմեգրանտե» կինոփառատոնի շրջանակներում «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում։