«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլում Գեղարքունիքի մարզը կներկայացնի 2 թիմ
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում ապրիլի 10-11-ին անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլի մրցաշարը, որին մասնակցել են համայնքային փուլի մրցումներում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած դպրոցական թիմերը՝ 2 տղա և 2 աղջիկ կազմով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մրցումներն անցկացվել են 2 տարիքային խմբերով: Առաջին տարիքային խմբում ընդգրկվել են 5-9-րդ դասարանների, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 10-12-րդ դասարանների աշակերտները:
Ապրիլի 10-ին կայացել է 1-ին տարիքային խմբի մրցումները, որին մասնակցել են Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N 2, Վերին Գետաշենի N 1, Աղբերքի, Վանևանի և Դդմաշենի միջնակարգ դպրոցների թիմերը։
Մրցապայքարում հաղթող է ճանաչվել Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմը։
2-րդ տարիքային խմբի թիմերի մրցապայքարը տեղի է ունեցել ապրիլի 11-ին։
Այս տարիքային խմբում մրցանակային տեղերի համար պայքարել են Սևանի Խ. Աբովյանի անվան, Գավառի, Մարտունիի Տ.Աբրահամյանի անվան ավագ, Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան, Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N 2 և Աղբերքի միջնակարգ դպրոցների թիմերը։
Այս տարիքային խմբի հաղթողի համար մրցապայքարում հանդիպել են Սևանի Խ. Աբովյանի անվան և Գավառի ավագ դպրոցների թիմերը։ Գրանցվել է ոչ-ոքի և միայն լրացուցիչ խաղի արդյունքում հաղթողի կոչումը նվաճել է Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը։
Մրցանակային տեղեր գրաված դպրոցական թիմերը պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գավաթներով և հավաստագրերով։
Այսպիսով՝ 2025 թվականի ապրիլի 26-27-ը Չարենցավան քաղաքում կայանալիք «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի 1-ին տարիքային խմբում Գեղարքունիքի մարզը կներկայացնի Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը։