Մեդալ նվաճելու ձգտումը մեծ էր. ՀՀ հավաքականն ամփոփել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնության արդյունքները
5 րոպեի ընթերցում

Բաքվում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադարձել է 3 մեդալով։ Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ջանես Նազարյանը 71 կգ քաշային կարգում արժանացել է ոսկե մեդալի, հավաքականի անդամներ Արարատ Ավետիսյանը 48 կգ, Գևորգ Հարությունյանը 51 կգ քաշային կարգերում նվաճել են բրոնզե մեդալներ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ արդյունքներից գոհ են, սակայն կարող էին ավելին ունենալ։
«Մեր հավաքականը մասնակցել է 10 հոգով, արդյունքում ունենք 3 մեդալ։ Մեդալակիր տղաներից շատ գոհ եմ, իրոք, մեծ աշխատանք կատարեցին նրանք։ Սա աշխարհի առաջնությունն է, որտեղ ուժեղագույնները շատ են և մեդալների պայքարը բավական բարդ է։ Հավաքականի մեր մյուս մասնակիցների շրջանում ևս ունեինք մարզիկներ, որոնք կարող էին մեդալի հասնել, սակայն չստացվեց։ Մենք բնականաբար կվերլուծենք բացերը, սխալներն ու այդ ուղղությամբ կաշխատենք»,-ասաց Գագիկ Խաչատրյանը։

Անդրադառնալով մեդալակիրներին՝ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ մեծ հպարտություն պարգևեցին նրանք, որոնց շնորհիվ Բաքվում բարձրացավ Հայաստանի դրոշը, հնչեց Հայաստանի օրհներգը։
«Շատ հուզիչ էր ու ոգևորիչ։ Ջանեսի հաղթանակի պարագայում, երբ ոսկե մեդալ նվաճեց ու պետք է հնչեր Հայաստանի օրհներգը, մենք նույնիսկ մտածում էինք, որ կարող է չթողնեն, սակայն ոչ մի խնդիր չեղավ։ Մրցավարական առումով էլ ամեն ինչ կարգին էր։ Անկեղծ ասած, գնալուց առաջ մտահոգություններ կային, սակայն տեղում բոլորովին այլ իրավիճակ էր»,-ասաց Գագիկ Խաչատրյանը։
Ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանն արդեն երկրորդ անգամ է աշխարհի առաջնությունում առաջին տեղը զբաղեցնում։ Այս անգամ ևս պատասխանատվությունը մեծ էր, մանավանդ, մրցակցությունն ուժեղ էր։

«Քանի որ նախորդ անգամ ևս ոսկե մեդալ եմ նվաճել, այս անգամ բոլոր մասնակիցների ուշադրության կենտրոնում ես էի։ Լարվածություն կար, բայց ամեն բան կարողացա հաղթահարել, գոտեմարտերից գոհ եմ, մարզիչների հետ լավ աշխատանք ենք կատարել։ Որոշ սխալներ կային, սակայն, փառք Աստծո, դրանք չազդեցին ընդհանուր արդյունքի վրա։ Իմ գոտեմարտերից կառանձնացնեմ եզրափակիչը, որտեղ մրցում էի Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի հետ։ Սկզբում գոտեմարտը չգնաց մեր նախատեսածով, սակայն մարզիչների հուշումների շնորհիվ կարողացա հասնել լավ արդյունքի»,-ասաց Ջանես Նազարյանը։
Հավաքականի անդամներից Գևորգ Հարությունյանը բավական դժվար, բայց կարողացավ բրոնզե մեդալ նվաճել։ Նա հենց առաջին գոտեմարտից ձեռքի վնասվածք էր ստացել, սակայն հաղթելու, մեդալ նվաճելու ցանկությունն այնքան մեծ էր, որ, անտեսելով ձեռքի ցավը, կարողացավ առաջ գնալ ու 3-րդ տեղը զբաղեցնել։

«Գոտեմարտել եմ Ադրբեջանի, Ղազախստանի, Վրաստանի ըմբիշների հետ։ Հենց առաջին գոտեմարտից վնասվածք ստացա ու դա ինձ մի քիչ խանգարեց, հակառակ դեպքում, կարծում եմ, որ ավելի առաջ կգնայի։ Դժվար էր, սակայն երբ հասկացա, որ կարող եմ բրոնզե մեդալ նվաճել, չնայեցի ձեռքիս ցավին ու գնացի մինչև վերջ»,-ասաց Գևորգ Հարությունյանը։
Հայաստանի մեդալների հավաքածուն ևս մեկ բրոնզե մեդալով հարստացրած Արարատ Ավետիսյանը նկատեց, որ մրցակցությունն ուժեղ էր ու այդ պարագայում 3-րդ տեղ զբաղեցնելու արդյունքից գոհ է։ Միջազգային հարթակներում սա Արարատ Ավետիսյանի 3-րդ բրոնզե մեդալն է։

«Ուժեղ մրցակիցներ էին, սակայն մեդալ նվաճելու ձգտումը մեծ էր։ Ուրախ եմ, որ կարողացա դժվարությունները հաղթահարել ու բրոնզե մեդալի արժանանալ։ Պարգևատրման արարողության ժամանակ մեծ հպարտություն էի զգում, որ Բաքվում մեր դրոշը բարձրացավ»,-ասաց Արարատ Ավետիսյանն՝ ավելացնելով, որ առաջիկայում սխալների ու բացերի վրա պետք է աշխատել, ավելի լավ պատրաստվել առաջիկայում մեդալի գույնը փոխելու ձգտումով։
