ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն անընդունելի են Իրանի համար․ Բաղայի
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները ո՛չ արդյունավետ, և ո՛չ էլ ընդունելի կլինեն Իրանի համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ Օմանը պատշաճ կերպով միջնորդ է հանդիսացել ապրիլի 12-ին Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններում՝ ավելացնելով, որ Թեհրանը կապի մեջ է Մուսկատի հետ՝ բանակցությունների հաջորդ փուլի վայրի վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Իրանական Tasnim գործակալության հաղորդմամբ՝ խոսնակն ասել է, որ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայրը, հավանաբար, Օմանում չի լինի՝ ընդգծելով, որ բանակցությունների ձևաչափն ու շրջանակը կմնան անփոփոխ։
«Անուղղակի բանակցությունները ավանդական մեթոդ են: Դա եղել է նախկինում և հիմնված է նախկինում ապացուցված փորձի վրա: Մենք պետք է ընտրենք մեթոդ, որի արդյունավետության մեջ վստահ կլինենք», - հավելել է խոսնակը:
Նա նշել է, որ պատճառներից մեկը, որ Իրանը նախընտրել է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններ վարել, ամերիկյան հակասական քաղաքականությունն է։
«ԱՄՆ-ն չի կարող առաջ տանել ճնշման և սպառնալիքի քաղաքականությունը՝ միաժամանակ կոչ անելով ուղիղ բանակցություններ մեկնարկել»,- հավելել է Բաղային՝ նշելով, որ Վաշինգտոնը պետք է լուծի պարադոքսը։
Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն ապրիլի 12-ին Մուսկատում անուղղակի բանակցությունների փուլ են անցկացրել՝ Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ։ Կողմերը գոհունակություն են հայտնել նախնական քայլերից։
Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է ապրիլի 19-ին։