Մարտունի քաղաքում անցկացվել է բազկամարտի 15 և 18 տարեկանների հանրապետական առաջնություն
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում կայացել է բազկամարտի Հայաստանի առաջնություն, որին մասնակցել են 15 և 18 տարեկան շուրջ 200 մարզիկ՝ հանրապետության տարբեր մարզերից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, բազկամարտի Հայաստանի առաջնությունը Մարտունի քաղաք բերելու նախաձեռնությունը բազկամարտի աշխարհի չեմպիոն Ազատ Սրապյանինն է:
Մարտունու համայնքապետարանը հավանության է արժանացրել չեմպիոնի գաղափարը և աջակցել մարզական միջոցառման անցկացմանը՝ ապահովելով դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Ըստ Ազատ Սրապյանի՝ մրցաշարի անցկացման նպատակը երիտասարդ ու պատանի ուժեղագույն բազկամարտիկներին ի հայտ բերելն է, որոնց համար հետագայում ճանապարհներ կբացվեն՝ միջազգային մրցաշարերին մասնակցելու և Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար։
15 տարեկանների խմբում 50 կիլոգրամ քաշային կարգում երկու ձեռքով անցկացված մրցապայքարում առաջին տեղը գրավել է արմավիրցի Սեդրակ Փիրոյանը, 18 տարեկանների խմբում, ծանրքաշայինների կարգում՝ երևանցի Գեղամ Խաչատրյանը։
Նման մրցաշար Մարտունիում անցկացվում է առաջին անգամ։