Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ինչպես պահպանել ձայնը. խորհուրդ մասնագետից

4 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. ինչպես պահպանել ձայնը. խորհուրդ մասնագետից

Ապրիլի 16-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Ձայնի միջազգային օր: Ձայնը բոլորի կյանքում ամենակարևոր և  անբաժան մասն է: Բոլորն էլ կփաստեն, որ առանց ձայնի կյանքը չէր լինի լիարժեք և  գեղեցիկ, սակայն շատերը նույնիսկ չեն էլ մտածում, որ ձայնը նույնպես պետք է պահպանել, հետևել և անհրաժեշտության դեպքում միանշանակ դիմել մասնագետի, որպեսզի այն նույնպես լինի առողջ և ծառայի մեզ ամբողջ կյանքի ընթացքում, չէ որ հենց ձայնն է տալիս մեզ միմյանց հետ շփվելու հնարավորություն:  

Մեր կյանքում ձայնի դերի կարևորության և մի շարք այլ կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք  քիթ-կոկորդ ականջաբան, ֆոնիատր Էլյա Մուրադյանի հետ: 

Մասնագետը նշեց՝ Ձայնի միջազգային օրվա նպատակն է մասնագետ բժիշկների, ինչպես նաև երկրագնդի վրա ապրող բոլոր մարդկանց ուշադրությունը գրավել մարդկային ձայնի ֆենոմենին, դրա պահպանման կարևորությանը:     

«Ձայնն այն ամենակարևոր օղակն է, որը մեզ անհրաժեշտ է և՛ աշխատանքում, և՛առօրյայում, և՛ ամենուր: Մենք նույնիսկ չենք պատկերացնում, որ ամբողջ օրվա ընթացքում անընդհատ օգտագործում ենք ձայնը, հատկապես ձայնի մասնագետները, որոնք գերլարված են աշխատում, երբեմն գերծանրաբեռնում են ձայնը և նույնիսկ հնարավորություն չունեն, օրինակ, տանը այն չօգտագործելու: Սրանից ելնելով՝ սահմանվել է Ձայնի միջազգային օր, որը ապրիլի 16-ն է: Այդ օրն ամբողջ աշխարհում իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ բժիշկների և այն մասնագետների կողմից, որոնց աշխատանքն անմիջականորեն կապված է ձայնի հետ՝ երգիչներ, թատրոնի դերասաններ: Այդ օրը խոսում են բոլոր այն գործոնների մասին, որոնք կարող են ազդել ձայնի որակի վրա և կարող են հանգեցնել ձայնալարերի և կոկորդի մկանների ախտահարումների և վնասումների»,- ասաց մասնագետը:   

Բժիշկ Մուրադյանը նշեց՝ կոկորդը և ձայնալարերը այն  բացառիկ օրգան համակարգերից են, որոնց վրա այլ օրգան համակարգերը կարող են ուղիղ ազդեցություն ունենալ: Օրինակ, նյարդային համակարգը, անքնությունը, գերհոգնածությունը և մի շարք այլ օրգան համակարգերի խանգարումները  կարող են անդրադառնալ ձայնի որակի վրա. 

«Կարող է առաջանալ ձայնի խռպոտությունը, որը նորմալ չէ այն մասնագետների համար, որոնց աշխատանքն անմիջականորեն կապված է ձայնի հետ: Այդ իսկ պատճառով, շատ կարևոր է բոլոր օրգան համակարգերի աշխատանքը կարգավորել, որպեսզի ունենանք առողջ ձայն, չէ որ այն գործիք է՝ հատկապես ձայնի մասնագետների համար»,- ասաց նա:

Մասնագետն ընդգծեց՝  վատ սովորությունները, հատկապես ծխելը, ալկոհոլի օգտագործումը,  գիշերը չքնելը շատ վատ են անդրադառնում կոկորդի և ձայնալարերի վրա ու բերում են բուժման արդյունավետության նվազման: 

Իրազեկման կարևորության, Ձայնի միջազգային օրվան ընդառաջ Հայաստանում ապրիլի 12-ին անցկացվելիք արշավ-քննարկման մանրամասների և ձայնի հետ կապված մի շարք այլ հարցերի ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:  

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում