Հայաստան

ՀՀ ՆԳ փոխնախարարը Վիետնամի գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ փոխնախարարը Վիետնամի գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հանրային անվտանգության նախարարի տեղակալ Չան Քուոկ Տոյի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ներքին անվտանգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, կիբեռանվտանգության, միգրացիայի և քաղաքացիության, մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ հարցերի: Բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը՝ Արմեն Ղազարյանը մասնավորապես ընդգծել է անվտանգության ոլորտում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը։

Ներկայացնելով Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումները՝ փոխնախարարն անդրադարձել է ոստիկանության, փրկարար ծառայության և միգրացիայի ոլորտներում իրականացված ինստիտուցիոնալ փոփոխություններին:

Չան Քուոկ Տոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Նշելով, որ հանցագործությունները սահմաններ չեն ճանաչում, ընդգծել է, որ այս հանդիպումը հանցավորության դեմ համատեղ պայքարի ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է։ Կարևորվել է հանցավորության, հատկապես՝ կիբեռհանցագործությունների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության շարունակականությունը: Անդրադառնալով միգրացիոն հոսքերի կառավարման, անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերին՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ուժերով մշակել արդյունավետ մեխանիզմներ:

Հանդիպման ավարտին համագործացությունն ընդլայնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ընդգծվել է փորձի փոխանակման և երկկողմ այցերի կազմակերպման անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում