Եգիպտոսում ռուսաստանցի զբոսաշրջիկների տեղափոխող բատիսկաֆն աղետի է ենթարկվել. կան զոհեր
2 րոպեի ընթերցում

Եգիպտոսի Հուրգադա քաղաքի ափամերձ հատվածում աղետի է ենթարկվել զբոսանքային բատիսկաֆը, որում գտնվում էր Ռուսաստանից ժամանած 45 զբոսաշրջիկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ գլխավոր հյուպատոսությունը։
Ըստ հյուպատոսության՝ զոհվել է 4 մարդ, սակայն արևմտյան ԶԼՄ-ները, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում են 6 զոհի մասին։
«Մարտի 27-ին, ժամը 10:00-ի սահմաններում ափից մեկ կիլոմետր հեռավորության վրա վթարի է ենթարկվել «Սինդբադ» զբոսանքային բատիսկաֆը, որը պատկանում է համանուն հյուրանոցին: Նավում, բացի անձնակազմի անդամներից, գտնվում էր 45 զբոսաշրջիկ, այդ թվում՝ անչափահասներ: Նրանք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են, «Բիբլիո Գլոբուս» ընկերության զբոսաշրջիկներ», - ասվում է հյուպատոսության հայտարարության մեջ:
Նշվում է, որ բատիսկաֆը կանոնավոր ստորջրյա էքսկուրսիա էր իրականացնում մարջանային խութը դիտելու համար։
«Ըստ նախնական տվյալների՝ նավում գտնվողներից շատերը փրկվել են և տեղափոխվել Հուրգադայի իրենց հյուրանոցներն ու հիվանդանոցներ։ Նրանց առողջական վիճակը վտանգ չի ներկայացնում: Չորս մարդ զոհվել է: Մի քանի զբոսաշրջիկների ճակատագիրը պարզվում է», - ասվում է գլխավոր հյուպատոսության հայտարարության մեջ։
Հուրգադայում ՌԴ գլխավոր հյուպատոս Վիկտոր Վորոպաևը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ զոհվածների քաղաքացիությունը դեռ ճշտվում է։