Մարոկկոյում առաջին անգամ վարչապետի պաշտոնում կին է նշանակվել
1 րոպեի ընթերցում

Ֆաթիմա Զահրա էլ Մանսուրին նշանակվել է Մարոկկոյի առաջին կին վարչապետ այն բանից հետո, երբ կենտրոնամետ «Իսկություն և արդիականություն» կուսակցությունը (PAM), որի անդամ է նա, ամենաշատ մանդատներն է ստացել անցյալ շաբաթ կայացած խորհրդարանական ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Ֆաթիմա Զահրա էլ Մանսուրիին վարչապետի պաշտոնում նշանակել է թագավոր Մուհամեդ VI-ը՝ նախապատվությունը տալով նրան, այլ ոչ թե երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆուզի Լեքջաային, որը նույն կուսակցության բարձրաստիճան քաղաքական գործիչ է։
Այս նշանակմամբ Էլ Մանսուրին դառնում է արաբական աշխարհում կառավարություն գլխավորող երկրորդ կինը՝ Թունիսի վարչապետ Նաջլա Բուդենից հետո, որը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2021-2023 թթ.։
50-ամյա Էլ Մանսուրին տարիներ շարունակ եղել է Մարաքեշի քաղաքապետը, ինչպես նաև նախկին կոալիցիոն կառավարությունում զբաղեցրել է նախարարի պաշտոն։
Մարոկկոն սահմանադրական միապետություն է, սակայն իշխանության մեծ մասը կենտրոնացած է թագավորի ձեռքում։ Ըստ երկրի սահմանադրության՝ թագավորը կառավարության ղեկավար է ընտրում Ներկայացուցիչների պալատի ընտրություններում հաղթանակ տարած կուսակցությունից։