Աշխարհ

ԱՀԿ-ն կարծում է, որ Կոնգոյում էբոլայի համաճարակի բռնկման առավելակետը դեռ չի անցել

2 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն կարծում է, որ Կոնգոյում էբոլայի համաճարակի բռնկման առավելակետը դեռ չի անցել

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդի բռնկման առավելակետը դեռ չի անցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաճարակաբանության բաժնի ղեկավար Օլիվիե Լե Պոլենը։

«Անցյալի փորձից մենք գիտենք, որ համաճարակը կարող է սկզբում բարելավման նշաններ ցույց տալ, սակայն հետո իրավիճակը կարող է կրկին բավականին արագ վատթարանալ», - նրա խոսքերն է մեջբերում EFE գործակալությունը։

«Չպետք է թուլացնել զգոնությունը, բայց անհրաժեշտ է ջանքերը կրկնապատկել առաջընթացի հասնելու համար», - հավելել է Լե Պոլենը։

Սեպտեմբերի 15-ին ավելի վաղ հաղորդվել էր, որ էբոլա վիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 3500-ը, հաստատվել է վարակման ավելի քան 7200 դեպք։

Միևնույն ժամանակ իշխանություններն այն ենթադրություն էին արել, որ համաճարակի առավելակետն արդեն անցել է։

Էբոլայի ամենախոշոր բռնկումը տեղի է ունեցել 2014–2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում՝ Գվինեայի, Լիբերիայի և Սիեռա Լեոնի տարածքում։ ԱՀԿ-ի տվյալներով՝ հիվանդացածների թիվն այն ժամանակ հասել է 28 600-ի, իսկ մահացածներինը գերազանցել է 11 000-ը։ Էբոլա վիրուսը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից։ Էբոլա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը գրանցվել է 1976 թվականին՝ ներկայիս ԿԴՀ-ի տարածքում։ ԿԴՀ-ում էբոլայի ներկայիս բռնկումը թվով 17-րդն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում