Աշխարհ

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը

2 րոպեի ընթերցում

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվն, ըստ կառավարության տվյալների, գերազանցել է 4000-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բռնկումը, որը պայմանավորված է էբոլա վիրուսի բունդիբուգյո տեսակով, ԿԴՀ-ում դարձել է ամենամասշտաբայինն ու մահաբերը՝ գերազանցելով 2018-2020 թվականների համաճարակի ցուցանիշները։ Այժմ այն իր մասշտաբով զիջում է միայն 2014-2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում էբոլայի բռնկմանը, որի հետևանքով Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա Լեոնում վարակվել էր ավելի քան 28 600 մարդ, մահացել՝ ավելի քան 11 000-ը։

Կառավարության հոկտեմբերի 2-ի տվյալների համաձայն՝ մահացածների թիվը հասել է 4018-ի, իսկ հաստատված դեպքերի թիվը՝ 8300-ի։ Վարակը տարածվել է երկրի յոթ նահանգում։

Ավելի քան 2000 հիվանդ ապաքինվել է։

Կոնգոյի կառավարությունն ու ՄԱԿ-ը սեպտեմբերին հայտնել էին, որ Իտուրիի նահանգի որոշ հատվածներում, որտեղ սկսվել էր բռնկումը, վարակի փոխանցման տեմպերի նվազման նշաններ կան։ Սակայն այն շարունակում է արագ տարածվել ԿԴՀ արևելյան շրջաններում, այդ թվում՝ հարևան Հյուսիսային Կիվուի նահանգում։

Երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Հարավային Ուբանգիի նահանգը սեպտեմբերին դարձել է յոթերորդ նահանգը, որտեղ հաստատվել է վիրուսի բռնկումը։ Այնտեղ վիրուսից մահացել է մի տղամարդ, որը ժամանել էր Կոնգոյի արևելյան շրջաններից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում