Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններ վարելու մասին ԱՄՆ նախագահի նամակի պատասխանը դեռ պատրաստ չէ․ Աբբաս Արաղչի
2 րոպեի ընթերցում

Իրանը դեռ չի պատասխանել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններ վարելու առաջարկի շուրջ նամակին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Իրանցի նախարարը մանրամասնել է, որ Թեհրանի պատասխանը նախապատրաստման փուլում է, և նամակի պատրաստ լինելուց հետո այն համապատասխան ձևով կներկայացվի։
«ԱՄՆ-ի հետ բանակցությունների շուրջ մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է․ մենք մաքսիմում ճնշումների ներքո և՛ ռազմական սպառնալիքների ֆոնին, և՛ տնտեսական պատժամիջոցների ավելացման պայմաններում ԱՄՆ-ի հետ չենք ունենա ուղիղ բանակցություն, բայց Իրանը միշտ պատրաստ է եղել բանակցել խաղաղ միջուկային ծրագրի շուրջ ավելի թափանցիկություն ստեղծելու համար»,-նշել է Արաղչին։
Վերջինս նշել է Իրանի պատրաստակամությունը՝ ավելացնել իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ թափանցիկությունը՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում եվրոպական երեք երկրների հետ։
«Մենք երբեք չենք լքել և չենք լքի բանակցությունների սեղանը»,-հայտարարել է իրանցի նախարարը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է Իրանի հետ բանակցություններ վարել միջուկային գործարքի շուրջ, և դրա հետ կապված մարտի 6-ին նամակ է ուղարկել Իրանի ղեկավարությանը՝ հույս հայտնելով, որ նրանք կհամաձայնեն երկխոսության։
Նամակն ուղղված է եղել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին։