Podcast-Հարց բժշկին. ծխախոտի օգտագործումը երիկամաբջջային քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկն է
4 րոպեի ընթերցում

Մարտ ամիսը երիկամաբջջային քաղցկեղի իրազեկման ամիսն է: Երիկամի քաղցկեղը համեմատաբար հազվադեպ հանդիպող ուռուցքներից է: Ավելի հաճախ հանդիպում է 60-ից բարձր տարիքային խմբում, տղամարդկանց մոտ՝ կրկնակի հաճախ, քան կանանց մոտ: Սովորաբար երիկամաբջջային քաղցկեղը վաղ շրջանում ընթանում է առանց ախտանիշների:
Հիվանդության հետ կապված մի շարք կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մեծահասակների ուռուցքաբանության և քիմիաթերապիայի կլինիկայի բժիշկ-ուռուցքաբան Նունե Կարապետյանի հետ:
Մասնագետը նշեց՝ երիկամաբջջային քաղցկեղը չեն դասում առավել հաճախ հանդիպող չարորակ հիվանդությունների շարքին, այնուամենայնիվ, այն նաև չի համարվում հազվադեպ հանդիպող հիվանդություն:
«Տարեկան ամբողջ աշխարհում մոտ 100 հազար հիվանդացության դեպք է գրանցվում, իսկ Հայաստանում 2023 թվականի տվյալներով գրանցվել է 170 նոր դեպք: Գրանցված դեպքերից 110-ը հայտնաբերվել է տղամարդկանց մոտ: Ըստ այս տվյալների՝ կարելի է հետևություն անել, որ երիկամաբջջային քաղցկեղն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ»,- նշեց մասնագետը:
Նունե Կարապետյանի խոսքով՝ երիկամաբջջային քաղցկեղի առաջացման պատճառները բավականին ստանդարտ են, ինչպես և բոլոր այլ չարորակ հիվանդությունների դեպքում. «Համար մեկ տեղում ծխախոտամոլությունն է, որը ռեալ ռիսկի գործոն է հիվանդության առաջացման համար, նաև պասիվ ապրելակերպը, հավելյալ քաշը՝ ճարպակալումը, կան նաև վնասակար գործոններ, որոնց հետ մարդիկ կարող են շփվել աշխատավայրում, օրինակ ազբեստը, որոշակի վնասակար սնունդները, կոնսերվացված միսը և այլն: Երիկամաբջջային քաղցկեղը ոչ հաճախ, բայց կարող է նաև պայմանավորված լինել ժառանգական նախատրամադրվածությամբ»,- նշեց նա:
Մասնագետը հավելեց՝ հատկապես վաղ փուլերում հիվանդությունը կարող է արտահայտվել առանց որևէ դրսևորման, որն առհասարակ չարորակ հիվանդությունների պարագայում հիմնական խնդիրն է, քանի որ մարդիկ սկզբնական փուլերում որևէ գանգատ և խնդիր չեն ունենում կամ դրանք ընդհանուր գանգատներ են, որոնք շատ տարածված են և ռեալ չեն անհանգստացնում:
«Առավել տիպիկ գանգատներն են արյան առկայությունը մեզում, ցավը՝ մեջքի ստորին հատվածում, ընդհանուր թուլությունը, քաշի կորուստը, ախորժակի բացակայությունը, նաև ջերմության որոշակի բարձրացումը»,- ասաց Կարապետյանը:
Անդրադառնալով Հայաստանում առկա բուժման եղանակներին՝ մասնագետն ընդգծեց՝ այս պահին աշխարհում առաջարկվող բուժման բոլոր եղանակներն ու առկա դեղորայքը հասանելի են նաև Հայաստանում:
Ի՞նչ ախտորոշման և բուժման մեթոդներ կան այսօր Հայաստանում: Հիվանդության կանխարգելման ի՞նչ տարբերակներ կան և ի՞նչ դեր ունի իրազեկումը կանխարգելմանն ուղղված գործընթացում:
Այս և մի շարք այլ հարցերի ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:
Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները։