ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային 100 միլիոն դոլարի առաջադեմ զենք կվաճառի
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 100 միլիոն դոլարի առաջադեմ ճշգրիտ զենքի առաջին վաճառքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Պենտագոնի հայտարարությունը։
Նշվում է, որ Վաշինգտոնն Էր Ռիադին կվաճառի բարձր ճշգրտությամբ APKWS լազերային կառավարման հրթիռային համալիրներ։
Պետքարտուղարությունը հաստատել է, որ գործարքը «կուժեղացնի Սաուդյան Արաբիայի կարողությունը՝ դիմակայելու ներկա ու ապագա սպառնալիքներին և հնարավորություն կտա նրան խոցել ինչպես օդային, այնպես էլ վերգետնյա թիրախները»:
Մեկ համալիրի արժեքը կազմում է մոտ 22 000 դոլար, ինչն արդյունավետ ընտրություն է ցածր արժողությամբ փոքր անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար։
Պենտագոնի պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը մարտի 20-ին ծանուցել է Կոնգրեսին 2000 APKWS համակարգերի և հարակից սարքավորումների վաճառքի, ինչպես նաև վերապատրաստում իրականացնելու մասին: