Պատահարներ

Արագածի գագաթին ձնահյուսի հետևանքով 8 տուժածների մոտ ախտորոշվել են միջին և թեթև պոլիտրավմաներ

2 րոպեի ընթերցում

Արագածի գագաթին ձնահյուսի հետևանքով 8 տուժածների մոտ ախտորոշվել են միջին և թեթև պոլիտրավմաներ

Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով 8 տուժածները Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ հոսպիտալացվել են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, բժիշկների կողմից նախնական ախտորոշվել են պոլիտրավմաներ (միջին և թեթև):

Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել էր, որ, նախնական տվյալներով, Արագածի գագաթին մարտի 11-ին ձնահյուսի տակ մնացած 8 լեռնագնացներ (Իսպանիայի Թագավորության քաղաքացիներ) փրկարարների օգնությամբ  ուղղաթիռով տեղափոխվել են Արագած գյուղ, այնուհետև վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ․  մեկ քաղաքացի շարունակում է մնալ անհայտ կորած, որի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

«Մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8-ը  դուրս են բերվել, իսկ 1-ն անհետ կորել է։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը»,- ասվել էր հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է 51 փրկարարական ծառայող և «Արմենիան ՀԵլիքոփթերս» ընկերության երկու ուղղաթիռ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում