ԱՄՆ-ն մտադիր է դադարեցնել մասնակցությունը ՆԱՏՕ-ի ապագա զորավարժությունների պլանավորմանը
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին տեղեկացրել է, որ մտադիր է դադարեցնել մասնակցությունը ՆԱՏՕ-ի ապագա զորավարժությունների պլանավորմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է շվեդական Expressen պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
2025 թվականին արդեն պլանավորված ՆԱՏՕ-ի զորավարժությունները դեռ չեն ենթարկվում այս փոփոխության, սակայն, ըստ Expressen-ի աղբյուրների, Վաշինգտոնը չի մասնակցի այն զորավարժություններին, որոնք ներկայումս դեռևս գտնվում են պլանավորման փուլում։
ԱՄՆ-ի այս քայլը պայմանավորված է ռազմական ծախսերի կրճատման և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա ավելի մեծ ուշադրություն դարձնելու քաղաքականությամբ։ Expressen-ի տվյալներով՝ Վաշինգտոնը առաջնահերթություն է տալիս Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, ինչի հետևանքով իր ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի եվրոպական զորավարժություններում սահմանափակվում է։