Հրշեջները մարել են Աշտարակի ռեստորաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
1 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 4-ին, ժամը 14:41-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակ քաղաքի Ղափանցյան փողոցի ռեստորաններից մեկի բակում այրվում է փայտ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանի հետնամասում գտնվող ինքնաշեն ծածկի տակ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։03-ին, մարվել՝ 15։16-ին։ Այրվել են ծածկի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 60 քմ) և կենցաղային իրեր։