Ադրբեջանը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը «պատանդ» է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ. Ալեն Սիմոնյան
2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հայ–թուրքական սահմանի հարցը, հարաբերությունների կարգավորման հարցը «պատանդ» է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ դրա վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով հարցին, թե Թուրքիայի կողմից հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը Հայաստան–Ադրբեջան գործընթացի հետ չկապելու հնարավորություն տեսնո՞ւմ է՝ Սիմոնյանը դրական պատասխան տվեց:
«Մենք աշխատում ենք Թուրքիայի հետ և շարունակելու ենք աշխատել: Ցավում եմ, որ Ադրբեջանը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, հայ–թուրքական սահմանի հարցը, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը «պատանդ» է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ: Դա շատ վատ է, կարծում եմ՝ Թուրքիայի համապատասխան պաշտոնյաները ևս դա հասկանում են»,–ասաց Սիմոնյանը:
Նա հավելեց՝ Հայաստանն իր դիրքորոշումով, հայտարարություններով, ընդառաջ գնալով, ցույց է տվել, որ պատրաստ է խաղաղության և շարունակելու է այդ ուղղությամբ գործողություններ իրականացնել:
«Հույս ունենք, որ Թուրքիան, տեսնելով այդ քայլերը, նույնպես կսկսի իր դիրքորոշումն ավելի հստակ արտահայտել»,–նշեց ԱԺ նախագահը: