Տնտեսություն

Հայ և թուրք գործարարները շարունակում են համագործակցել՝ չնայած փակ սահմանին․ ՀԱԳՄ նախագահ

10 րոպեի ընթերցում

Հայ և թուրք գործարարները շարունակում են համագործակցել՝ չնայած փակ սահմանին․ ՀԱԳՄ նախագահ

Հայաստանի և Թուրքիայի գործարարների միջև հարաբերությունները չեն ընդհատվել նույնիսկ դիվանագիտական հարաբերությունների բացակայության և սահմանը փակ պահելու պայմաններում։ Հայ-թուրքական սահմանի բացումը հնարավորություն կտա էապես նվազեցնել ճանապարհային ծախսերը, զարգացնել հարևան շրջանների միջև առևտուրը և համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացվող Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Նա շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն աջակցող ծրագիրը հաստատելու և իրականացնելու համար, ինչպես նաև թուրք գործընկերներին՝ նախաձեռնությանը մասնակցելու համար։

«Նախ և առաջ՝ ես կցանկանամ շնորհակալություն հայտնել մեր Եվրամիության դեսպանին այս ծրագիրը հաստատելու և իրականացնելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում թուրքական կողմից մեր գործընկերներին, որ պատմական այս կարևոր փուլում լծվեցինք այս գործն անելու։

Սա երկրորդ անգամն է, որ փորձում ենք ուսումնասիրել, հասկանալ և օգնել հայ-թուրքական տնտեսական, հասարակական ու մշակութային կապերի վերականգնմանը»,-ասել է Ղազարյանը։

Նա ընդգծել է, որ ծրագիրն ուղղված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, սակայն հայ և թուրք գործարարների հարաբերություններն իրենց հերթին արդեն տասնամյակներ շարունակ բնականոն են։

«Երբ ասում ենք՝ ծրագրի նպատակն է կարգավորել հարաբերությունները գործարարների միջև, այդպիսի բան չկա։ Մեր հարաբերությունները՝ որպես գործարարներ, 1993 թվականից սկսած նորմալ են։

Սահմանը փակվել է 1993 թվականին Թուրքիայի միակողմանի, ոչ պաշտոնական հրահանգով։ Հայկական սահմանը երբեք պաշտոնապես չի փակվել»,-հայտարարել է ՀԱԳՄ նախագահը։

Նրա խոսքով՝ սահմանի փակ լինելու պայմաններում անգամ թուրքական ապրանքներն ու ծառայությունները շարունակել են մուտք գործել Հայաստան, մինչդեռ Հայաստանից Թուրքիա արտահանման հնարավորությունները խիստ սահմանափակ են եղել և հիմնականում իրականացվել են երրորդ երկրների միջոցով։

«1993 թվականից մինչև այսօր թուրքական ապրանքները և ծառայությունները մուտք են գործում Հայաստան՝ որպես թուրքական, և դրա ծավալը հասնում է 150, 200, 300 միլիոն դոլարի։ Մենք իրավունք չունենք նույնիսկ չոփ կամ լուցկի արտահանել Թուրքիա։ Հայաստանից Թուրքիա արտահանում ենք զարտուղի ճանապարհով։

Այնպես որ, գործարարներն աշխատում են իրար հետ։ Հատկապես Ստամբուլի տարածաշրջանի գործարարների հետ մեր գործարարները շարունակում են աշխատել»,-ասել է Ղազարյանը։

Նա կարևորել է այն հանգամանքը, որ նույնիսկ դիվանագիտական հարաբերությունների և բիզնեսի պետական աջակցության ու պաշտպանության բացակայության պայմաններում Հայաստանի և Թուրքիայի գործարարները կարողացել են համագործակցել և զարգացնել իրենց ծրագրերը։

«Այս տարիների ընթացքում, չնայած դիվանագիտական կապեր չկան, բիզնեսի պետական աջակցություն և պաշտպանություն չկա, հայ և թուրք գործարարներն աշխատել են նորմալ, ինչպես կասեն թուրքերը՝ թասիբով, և շարունակել են զարգացնել իրենց բիզնես ծրագրերը»,-նշել է ՀԱԳՄ նախագահը։

Ղազարյանի խոսքով՝ ներկայում իրավիճակը փոխվում է, և գործարարները կրկին սպասում են Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի բացմանը։

«Այսօր իրավիճակը փոխվում է։ Եվս մեկ անգամ սպասում են, որ շուտով սահմանը կբացվի։ Շուտով․ 33 տարի ասում են՝ շուտով սահմանը կբացվի»,-ասել է նա։

ՀԱԳՄ նախագահն ուրախություն է հայտնել, որ համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել հատկապես սահմանամերձ Վանի, Իգդիրի և Կարսի գործարարները։ Նրա գնահատմամբ՝ բաց սահմանի պայմաններում այդ շրջաններից Երևան կամ Գյումրի հասնելը շատ ավելի արագ և դյուրին կլիներ։

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր ժամանել են մեր հարևանները՝ Վանի, Իգդիրի և Կարսի գործարարները, որոնք, եթե սահմանը բաց լիներ, 45 րոպեում կգային Երևան կամ կհասնեին Գյումրի և այդքան դժվարություններ չէին ունենա»,-նշել է Ղազարյանը։

Նա թուրք գործարարներին կոչ է արել հանգամանորեն ուսումնասիրել Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորությունները, ակտիվորեն մասնակցել համաժողովի շրջանակում անցկացվող երկկողմ՝ B2B հանդիպումներին և Հայաստանում գործընկերներ գտնել։

«Հայաստանը Թուրքիայի հետ համեմատելիս թե՛ տնտեսությամբ, թե՛ բնակչության քանակով փոքր է թվում, բայց մենք շատ մեծ ներուժ ունենք և դա ապացուցել ենք միջազգային բիզնեսում, առևտրում, միմյանց, այդ թվում՝ թուրք գործարարների հետ աշխատելու ընթացքում։

Ես կխնդրեմ՝ ուշադիր ուսումնասիրեք, B2B հանդիպումների ժամանակ աշխատեք, ձեզ համար գործընկերներ գտեք և զարգացրեք հարևանային բիզնեսը»,-ասել է ՀԱԳՄ նախագահը։

Նրա գնահատմամբ՝ հայ-թուրքական սահմանի բացումը գրեթե կվերացնի երկու երկրների սահմանամերձ շրջանների գործարարների ճանապարհային լրացուցիչ ծախսերը։ Միաժամանակ այն համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտություն և նոր հնարավորություններ կստեղծի։

«Սահմանի բացման դեպքում ճանապարհային ծախսը գրեթե ոչինչ է դառնում։ Իրար հետ ծրագրեր իրականացնելը դառնում է անհրաժեշտություն։

Միշտ կգտնվեն ապրանքներ, արտադրություններ և ծառայություններ, որոնք մի երկրում ավելի զարգացած են, մյուսում՝ ավելի քիչ, և դրանք պետք է լրացնեն միմյանց»,-ընդգծել է Ղազարյանը։

Նա նաև կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ նշելով, որ դա հնարավորություն կտա երկու երկրների գործարարներին համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնել։

Ղազարյանի խոսքով՝ մինչ այժմ Թուրքիայից Հայաստան ուղղակի ներդրումների հնարավորությունը սահմանափակ է եղել, և նման գործարքները հիմնականում իրականացվել են երրորդ երկրների միջոցով։

«Եթե, վերջապես, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, մենք կկարողանանք նաև միասին ներդրումային ծրագրեր իրականացնել։

Առ այսօր Թուրքիայից ցանկացած ներդրում արգելված է։ Դրանք իրականացվում էին երրորդ երկրի միջոցով, և հնարավորություն չունեինք թուրքական ու հայկական դրոշներն իրար կողքի դնելու։ Կարգն այդպես էր, հիմա իրավիճակը փոխվում է»,-ասել է նա։

ՀԱԳՄ նախագահը թուրք գործարարներին հորդորել է օգտվել փոփոխվող իրավիճակից, նոր հարաբերություններ ձևավորել, գործընկերներ գտնել և պատրաստվել շուկայում աշխատելուն։

«Դուք շատ ժամանակին եք եկել Հայաստան, որովհետև պետք է օգտվել առիթից, նոր հարաբերություններ ստեղծելու նախադեպ ձևավորել, գործընկերներ ունենալ և շուկայում աշխատել»,-նշել է Ղազարյանը։

Եզրափակելով խոսքը՝ նա թուրքական պատվիրակության անդամներին կոչ է արել արդյունավետ օգտագործել համաժողովի երկու օրերը և վստահեցրել է, որ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Վանի առևտրաարդյունաբերական պալատը և Իգդիրի գործարար կառույցները պատրաստ են աջակցել նոր կապերի հաստատմանն ու վստահելի գործընկերների ընտրությանը։

«Նորից ուզում եմ ձեզ ասել՝ բարի գալուստ։ Փորձեք արդյունավետ օգտագործել այս երկու օրը։

Մենք՝ որպես կառույցներ՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Վանի պալատը և Իգդիրի արտահանողների միությունը, պատրաստ ենք աջակցել կապերի ստեղծմանը, գործընկերների ընտրությանը, երաշխավորել և կանգնել ձեր կողքին։

Հուսով եմ, որ որոշ ժամանակ հետո մենք կկարողանանք նաև հանրությանը, Եվրոպական միությանը և մեր պետություններին ներկայացնել այն արդյունքները, որոնք կունենանք այս գործարար ուսումնասիրություններից և հանդիպումներից»,-եզրափակել է ՀԱԳՄ նախագահը։

Երևանում սեպտեմբերի 3-4-ն անցկացվում է Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով։ Այն կազմակերպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

Համաժողովի նպատակն է մեկ հարթակում համախմբել Հայաստանի և Թուրքիայի գործարար ու պետական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղղություններ և ձևաչափեր, ինչպես նաև խթանելու նոր գործարար կապերի ու գործընկերությունների ձևավորումը։

Միջոցառման ընթացքում ներկայացվում են «Հայաստան-Թուրքիա տրանսպորտային հաղորդակցությունների հնարավորություններն ու առկա խոչընդոտները» թեմայով հետազոտության արդյունքները, անցկացվում է «Հայաստան-Թուրքիա տնտեսական համագործակցություն հաջորդ քայլերը» թեմայով պանելային քննարկում, ինչպես նաև երկու երկրների գործարարների երկկողմ՝ B2B ձևաչափով հանդիպումներ։

Գործարար շփումներ են նախատեսված տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչների միջև։ Համաժողովի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 4-ին, միջոցառումները շարունակվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Armenia Expo 2026-ի շրջանակում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում