Պաշտոնապես բացվեց Թումո Կապանի հիմնական շենքը

8 րոպեի ընթերցում

Պաշտոնապես բացվեց է Թումո Կապանի հիմնական շենքը՝ Սյունիքի հարավում Թումոյի կրթական ցանցն ամբողջացնող կենտրոն-հանգույցը։ Կենտրոնը տեղակայված է Կապանի երկաթուղային կայարանի շենքում, որը, պահպանելով պատմական և ճարտարապետական յուրահատկությունը, վերածնվել է որպես նորարարական հանգույց։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Թումոյի տարածած հաղորդագրությունից, Կենտրոնը, Մեղրիի և Քաջարանի Թումո տուփերի հետ կրթական ցանց կազմելով, կծառայի շուրջ 2500 պատանիների։ Թումո Կապան այսուհետ դասընթացների և աշխատարանների կհաճախեն նաև պատանիներ Գորիսից, որտեղ կգործարկվի Թումո տուփ, և ուսանողները կապահովվեն տրանսպորտով։ 

Թումո Կապան նախագիծն իրականացվում է Կապանի համայնքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության և Թումոյի դոնորներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցության շնորհիվ։ Մեղրիի և Գորիսի տուփերի հովանավորներն են Քաշյան ընտանիքը և «ContourGlobal» ընկերությունը։

Նոր կենտրոնի դռները պաշտոնապես բացեցին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը և Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը: Ներկա էին պետական կառույցների ներկայացուցիչներ, Թումոյի և համայնքի միջազգային և տեղացի գործընկերներ, կենտրոնի ուսանողական և ծնողական համայնքը և հանրությունը։

Քաղաքապետ Գևորգ Փարսյանը ողջունեց Կապանի բոլոր հյուրերին և շնորհավորեց Թումո Կապանի շենքի պաշտոնական բացման առթիվ․ «Շատ ուրախ ենք, որ Թումո կենտրոնը հիմնադրվում է հենց այստեղ, որովհետև ժամանակին երկաթուղին մեզ համար եղել է ոչ միայն տրանսպորտային կարևոր հանգույց, այլև նպաստել է մեր ամբողջ տարածաշրջանի տնտեսության և մշակույթի հզորացմանը: 21-րդ դարում չափազանց կարևոր է գիտելիքահեն տնտեսության և տեխնոլոգիաների զարգացումը: Եվ հույս ունեմ, որ մեր պատանիները կօգտագործեն այս հնարավորությունը՝ կերտելու մեր Կապանի վաղվա օրը»։

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց․

«Մարդկային կապիտալի, հմտությունների, նորարարության և տարածքային համաչափ զարգացման մեջ ներդրում ունենալը մեզ համար կարևոր առաջնահերթություն է: Այս համատեքստում մեծ ուրախություն և պատիվ է, որ այսօր Կապանում բացում ենք Թումո կենտրոն։ Այն ճարտարապետական ժառանգության գոհար հանդիսացող շենքում է, որը պահպանվել և արդիականացվել է։ Բացումը համատեղում ենք Բարեկենդանի հետ: Այսպիսով մենք ցույց ենք տալիս մշակույթի և տոների հանդեպ մեր գնահատանքը»։

«Թումո Կապանը  Հայաստանում  նորարարությանը և տարածաշրջանային զարգացմանը աջակցելու ԵՄ հանձնառության դրսևորումն է։ Կենտրոնը ոչ միայն կօգնի երիտասարդներին ձեռք բերել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են տեղում հաջողության հասնելու համար, այլև կնպաստի Սյունիքի մարզի կայուն տնտեսական զարգացմանը և դիմակայունության ամրապնդմանը։ Թումոյի հետ մեր համագործակցությունը ԵՄ համագործակցության ընդարձակ ծրագրի կարևոր մասն է, որն ուղղված է մարդկային կապիտալի զարգացմանը միտված ներդրումներին, տեղական տնտեսությունների ամրապնդմանը և հաջորդ սերնդի նորարարների ու ձեռներեցների պատրաստմանը, ովքեր կձևավորեն Հայաստանի ապագան»,- նշեց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը իր բացման խոսքում։

«Սյունիքի բոլոր պատանիներին թումոյական կյանքեր վերափոխող ուսումնական փորձառությամբ ապահովելու մեր նպատակին հասնելու ճանապարհն սկսել ենք դեռևս 2021-ին մեկ Թումո տուփից՝ այժմ հասնելով կրթական ցանցի։ Այս ծավալուն նախագիծն իրականություն դարձավ ամուր գործընկերության շնորհիվ. Թումոյին հաջողվեց գնել տարիներ առաջ սեփականացված շենքը, համայնքը և ԵՄ-ն միավորեցին ուժերը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությամբ, մեզ միացան մեր հավատարիմ ընկերները՝ Ջուդիթն ու Վիկտորը։ Հատկանշական է, որ այսօր ենք հայտնում երկար սպասված նորությունը Գորիսի Թումո տուփի մասին, որը գործարկվում է «ContourGlobal» ընկերության հետ համագործակցությամբ։ Սյունիքում Թումոյի կրթական ցանցն ամբողջացնելու համար մեզ մնում է միայն հիմնել Սիսիանի կենտրոնը և հարակից տուփերը։ Հույս ունենք, որ այդ մարտահրավերն էլ կհաղթահարենք՝ հուսալի գործընկերներ գտնելով», – նշեց Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Թումո Կապանի կրթական տարածքը չի սահմանափակվի միայն մեկ շենքով։  Շինարարությունը շարունակվում է, և շուտով ուսանողների համար կգործարկվեն նախագծով նախատեսված նորակառույց մասնաշենքերը։ Մինչ այդ կրթական գործընթացը կշարունակվի նաև շենքի հարևանությամբ գործող ժամանակավոր կենտրոն-տուփերում։

Թումո Կապանը հատուկ փորձառություն կստեղծի ոչ միայն պատանիների, այլև ամբողջ համայնքի համար։ Այստեղ կգործի նաև Թումո լաբեր ծրագիրը, որը նույնպես իրականացվում է ԵՄ-ի հետ համագործակցությամբ։ 18-ից բարձր անձանց համար ծրագրի շրջանակում առաջարկվում են գործնական նախագծեր տեխնոլոգիաների, գիտության և ճարտարագիտության ոլորտներում: Կապանում առաջին հերթին կմեկնարկի Թումո լաբերի ուղղորդված ինքնուսուցման ծրագիրը, որի օգնությամբ ուսանողները կարող են 0-ից անվճար սովորել մեքենայական ուսուցում, Python կամ JavaScript ծրագրավորման լեզուները` առցանց գրանցվելով Թումո լաբերի կայքում՝ tumolabs.am: Ավելին, շենքում կգործեն նաև միջոցառումների, համատեղ աշխատանքի և ուսուցման համար հարմարեցված տարածքներ։

Ապագա ճարտարապետ 16-ամյա Լուիզան թումոցի է Կապանի առաջին Թումո տուփի բացման օրվանից: Նա նույնպես ներկա էր կենտրոնի բացմանը և անհամբեր սպասում էր շենք մտնելու իր հերթին․ «Շատ ենք սպասել շենքի բացմանը, որը մեզ նոր հնարավորություններ կընձեռի: Թումոն նպաստել է մասնագիտությանս ընտրության հարցում՝ եռաչափ մոդելավորման դասընթացից ու Ջեյ Պերեզի մշակութային ժառանգության սկանավորման աշխատարանից  հետո եմ հասկացել, որ ուզում եմ դառնալ ճարտարապետ: Ու շատ ուրախ եմ, որ մեր կայարանի շենքը պահպանել է իր պատմական շունչը»։  

Պաշտոնական բացման օրը համատեղվեց Թումոյի տոնացույցի սիրված միջոցառման՝ Բարեկենդանի հետ։ Թումոյական ոճով տոնակատարությունը ներառեց Թումոյի շրջանավարտների և Թումո ստուդիաների մասնագետների մասնակցությամբ գեղագրության պերֆորմանսով և մաղատպագրության աշխատարանով, ավանդական երգ-պար-դիմակահանդեսով, «Որոտնա» ազգային երգ ու պարի խմբի և «Կաթիլ» ֆոլկ բենդի կատարումներով։ Ներկայացվեց նաև Թումոյի մշակութային ժառանգության թվայնացման նախագծի աշխատանքը. միջոցառման մասնակիցները վիրտուալ տուր կատարեցին Թումոյի սկանավորած Սյունիքի պատմամշակութային հուշարձաններում։ 

Երեկոն ավարտվեց Միսակ Սամոկատյանի և Շահեն Խանդկարյանի աուդիովիզուալ փորձառությամբ, որը նվիրված էր Կապանի երկաթուղային կայարանի շենքի պատմությանն ու վերածնունդին։ 

Հայերեն English Русский

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը