Մշակույթ

«20 20-ի հրեշտակները» ստեղծում եմ խղճի թելադրանքով. Ջիվան Ավետիսյանը ֆիլմով կպատմի 44-օրյա պատերազմի բժիշկների մասին

19 րոպեի ընթերցում

«20 20-ի հրեշտակները» ստեղծում եմ խղճի թելադրանքով. Ջիվան Ավետիսյանը ֆիլմով կպատմի 44-օրյա պատերազմի բժիշկների մասին

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմերն աշխարհին պատմում են Արցախի մասին, անդրադառնում անհատների, որոնք կյանքի գնով պատրաստ են պայքարել հանուն գաղափարի։ Ռեժիսորի ֆիլմերն ասես մեկը մյուսի շարունակությունը լինեն, սակայն յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը, իր պատմությունն ու ասելիքը։

«Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպաս» ֆիլմերից հետո Ավետիսյանը շուտով ավարտին կհասցնի «Վերածնվածը» լիամետրաժ կինոնկարը, միևնույն ժամանակ անում է ամեն հնարավոր բան կինոյի վերածելու «20 20-ի հրեշտակները» կինոնախագիծը, որը ավետիսյանական ինքնատիպ մտածողությամբ, ընկալմամբ ու լեզվով կպատմի 44-օրյա պատերազմում իրենց մասնագիտական պարտքն անձնվիրաբար իրականացնող բժիշկների մասին։ 

Ռեժիսորը պատերազմական օրերին եղել է Լեռնային Ղարաբաղում, ակամայից դարձել մարդկային ողբերգության և հպարտության ականատեսը։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրուցում նա հավաստիացանում է՝ այդ օրերին հերոսական կեցվածք, պահվածք են ունեցել նաև բժիշկները, ուստի իր խղճի թելադրանքով պետք է խոսի նրանց մասին։

-Վաղուց չենք հանդիպել, բայց հետևել եմ Ձեր գործունեությանն ու փաստել, որ անդադար աշխատել եք։ Վերջին շրջանում խոսվում է «20 20-ի հրեշտակները» սպասվող ֆիլմի մասին։  Որոշ տեղեկություններ ունեմ, բայց կցանկանամ՝ ավելի մանրամասն ծանոթացնեք այդ կարևոր նախաձեռնությանը։

-Իսկապես ուրախ եմ հանդիպել։ Շնորհակալություն հավատի և հետևողական լինելու համար։ Բոլոր ֆիլմերն են բացառիկ, եթե բացառիկ չհամարեմ, չեմ նախաձեռնի, բայց «20 20-ի հրեշտակները» յուրահատուկ է. այն ևս ստեղծելու եմ խղճի թելադրանքով։ Որևէ մեկը ֆիլմի պատվիրատուն չէ։ Եթե անկեղծ, չեմ հիշում ֆիլմի անո՞ւնն է ավելի վաղ ծնվել, թե՞ բժիշկների մասին կինոնկար ստեղծելու գաղափարը։ Այն, ինչ արել են բժիշկները պատերազմի ժամանակ ամայացած, էվակուացիայի ենթարկված բնակավայրերում, անհավանական է։ Ամենածայրահեղ իրավիճակներում բժիշկը ներկա էր, որովհետև իրենից հիսուն մետր այն կողմ զինվոր կար։ Փաստացի սարսափելի նահանջի ամենավերջին փուլում զինվորների կողքին եղել են բժիշկները. նրանք կռիվ են տվել յուրաքանչյուր զինվորի, քաղաքացու, հայի կյանքի համար,  այն զորաշարժը, որ նրանք արել են, աննկարագրելի է։ Անձնազոհության, խելագարության են գնացել բժիշկները։ Բժիշկներ, որ եղել են քաղաքացիական ծառայության մեջ, մասնագետներ, որ թողել են իրենց աշխատանքն օվկիանոսի որևէ ափին ու եկել են Հայաստան, բուժաշխատակիցներ, որ Հայաստան և Արցախ չեն ժամանել, բայց ամեն օր 24-ժամյա ռեժիմով փորձել են որևէ բան ուղարկել Հայաստան։ Ամենավատ ելքով պատերազմի ավարտից ամիսներ անց սկսեցի հանդիպել բժիշկներին. դա 2021 թվականի հունվարն էր։ Մինչ այժմ տարբեր ինտենսիվությամբ հանդիպել եմ վաթսունից ավելի բժիշկների։ Հանդիպումները շարունակվում են։ Երբ սկսենք ֆիլմը նկարահանել, հուսամ՝ հարյուրից ավելի բժիշկների վկայություններ կունենամ։ Սկսել եմ այն մարդկանցից, որոնց հանդիպել եմ պատերազմի դաշտում՝ կլինի հարավային ճակատում, Ստեփանակերտում կամ հյուսիսում։ Բժիշկ ասածը լայն իմաստ ունի.  ուզում եմ խոսել բուժաշխատողների մասին, որոնք անհավանականն են արել։ Զոհվել է վաթսունից ավելի բուժաշխատող։ Դա շատ մեծ թիվ է։ Շտապօգնության վարորդները ևս ծանր աշխատանք են կատարել, նրանք օրը երեք անգամ Երևան-Ստեփանակերտ վիրավորներ են փոխադրել։ Անքուն գիշերներ անցկացնելով՝ վիրահատությունների են մասնակցել քույրերը, շատ բժիշկներ վիրահատություններին զուգահեռ կաթիլային են ընդունել, քանի որ վարակված են եղել կորոնավիրուսով, բայց չեն լքել վիրահատարանը։

«20 20-ի հրեշտակները»

Երբ այդ բոլոր վկայությունների հիման վրա կառուցում եմ սցենարը, ինքս ինձ հարցնում եմ, թե ում համար է այս ֆիլմը, թե ով է հանդիսատեսը։ Որքան կամք, ուժ պետք է ունենա հանդիսատեսը, որ դիմանա այդ սոսկալի տեսարաններին։ Փորձում ենք վերարտադրել դա. որևէ բան հորինված չէ։ 

-Դուք Արցախից եք, Ձեր բոլոր ֆիլմերն Արցախի մասին են։ Նկարահանումներին վերապրո՞ւմ եք անցածը։

-Այն, ինչ կատարվում է իմ ներսում, վերապրում է։ Վերապրում եմ թե՛ պատերազմը, թե՛ իմ ամբողջ կյանքն Արցախում։ Մազոխիստական հակումներ չունեմ, որ ինքս ինձ փորձեմ հալածել, տանջել, բայց անհրաժեշտ է, որ որևէ ռեժիսոր փորձի այդ իրականությունը մատուցել հանրությանը։ Այն, ինչ տեսել եմ պատերազմի ժամանակ, բավարար չեմ համարում և փորձում եմ բացահայտել պատմություններ, դեպքեր, դրվագներ, անձանց ու հավաքական կերպարներով խոսել այդ մարդկանց մասին։ Զինվորները նույնպես ամենաանբացատրելի սոսկումի միջով են անցել։ Որքան էլ դժվար լինի այդ ամենը վերածել սցենարի կամ էկրանավորել, կարծում եմ՝ դա անհրաժեշտ է իմանալու, ինքնամաքրվելու, գնահատականը ճիշտ տալու համար։ Կցանկանամ՝ այս ֆիլմը հաջողություն, միլիոնավոր հանդիսատես ունենա, բայց իմ ամբիցիաներն ամենավերջին տեղում են։ Շատ ավելի կարևոր է խոսել ուրիշների մասին։ Անբացատրելի ապրումներով լի ֆիլմ է լինելու։ Բժիշկներ, որոնց որդիները ռազմաճակատում էին. ամեն անգամ վիրավորի դեմքի արցունքը կամ ցեխը մաքրելիս փորձում էին հասկանալ՝ գուցե որդին է, բժիշկներ, որ ուշագնաց են եղել՝ տեսնելով, որ իրենց հարազատն է, բուժքույր, որ դասընկերոջը չի ճանաչել, քանի որ դեմքն աղճատված էր։ Գուցե, անհնար է այս ամենն էկրանավորել հնարավորինս ճշգրիտ լինելու առումով, բայց մենք կփորձենք։

-Այնքան պատկերավոր եք խոսում՝ թվում է, թե ֆիլմն արդեն նկարահանել եք։

-Ամեն մի տող մի պատմություն է՝ Հայաստանից Արցախ գնացած բժիշկներ, Արցախում գործող, սահմանագծին գործող և սփյուռքից ժամանած բժիշկներ, այդ ամենին զուգահեռ՝ հետահայաց դեպի 1990-ականներ, Երևանում կատարվող իրադարձություններ։ Խնդիրն այն չէ, որ որևէ անձի մասին ենք խոսում, կամ որևէ բուժհաստատության, ո՛չ, խոսում ենք ընդհանրական ֆիլմի մասին։ Իհարկե, կան բուժհաստատություններ, բժիշկներ, որոնք պատրաստ են աջակցել ֆիլմին, բոլորի անունները կկարդաք տիտրերում, բայց որևէ մեկի գովազդը չի լինելու։ Հետաքրքիր են նաև կանանց վերաբերվող մի շարք դրվագներ, երբ անգամ ռմբակոծությունների ժամանակ նրանք ձգտում են գեղեցիկ լինել, խնամել իրենց՝ չնայած նկուղում են ապաստանում։ Կանայք այդպիսին են, գուցե, կյանքի գեղեցկությունը հենց դրանում է։ Սարսափները ևս շատ են. զրուցել եմ մարդու հետ, որը մի ամբողջ պատերազմ կռացած վիճակում սալահատակից սրբել է արյունը, որովհետև չի կարողացել համակերպվել այն մտքի հետ, որ մյուս վիրավորին բերելու պարագայում ստիպված են լինելու արյան վրա քայլել։ Եթե բժիշկներն այդ ամենը չանեին, մենք 5 հազարից ավելի զոհ կունենայինք, և ավելի մեծ կլիներ հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը։

Առնչվել եմ մարդկանց, որոնց ստացած վերքերն առաջին հայացքից կյանքի հետ անհամատեղելի են։ Դու այնքան ես սիրում նրանց՝ առանց ճանաչելու, որովհետև քո զինվորներն են, ամեն ինչ անում ես նրանց համար։ Մեկ զինվորը երբեմն երեք կամ չորս վիրահատության միջով է անցնում, իսկ վիրահատության սեղանի շուրջ պատահել է՝ հավաքված են եղել տարբեր երկրներից բժիշկներ, որոնց մի մասն ընդհանուր շփման լեզու անգամ չունի. մեկը ռուսերեն չգիտի, մյուսը՝ անգլերեն, մյուսը՝ հայերեն, բայց  վիրահատության ժամանակ հստակ գիտեն, թե ինչ է հարկավոր անել։ Երանի  բոլորն այդպես աշխատեն։

-Կերպարը լիարժեք զգալու, հասկանալու համար դերասանական վարպետությունը բավարար չէ, երբեմն պետք է զգալ, ապրել այն, ինչ ապրել են իրական հերոսները։ Այդ գաղափարով առաջնորդվելո՞վ եք դերասաններին հնարավորություն ընձեռում մասնակցել իրական վիրահատությունների։

-Շատ վաղ եմ սկսել դերասանների հետ աշխատել։ Կլինիկաներում, հիվանդանոցներում դերասանները ծանոթանում են այն աշխատանքներին, որոնք պետք է անեն ճշգրիտ լինելու համար։ Գուցե, դու լավագույն մասնագետն ես, բայց պատերազմի ժամանակ հնարավոր է շփոթվել, ձեռքդ կարող է դողալ։ Ինքս այնքան մասնագիտական դետալներ եմ բացահայտել, թե գործիքն ինչպես պետք է բռնել, ինչպես փոխանցել, վերցնել, ձեռնոցներ հագնել, ձեռքերը լվանալ և այլն։ Դրանք բաներ են, որոնք դերասանը չպետք է  նկարահանման հրապարակում սովորի, պետք է  մինչև նախապատրաստական շրջանն իմանա, այդ ամենով անցնի։ Դերասաններն իսկապես սիրով են աշխատում։ Նրանցից անբացատրելի էներգիա եմ ստանում, նրանք խանդավառ են։ Նրանք ոչ թե ինձնից են լսում կամ սցենարից են ծանոթանում պատմությանը, այլ հենց այդ բժիշկներից, որոնցից ինքս ազդվել եմ։ Այնքան ներդաշնակ են աշխատում դերակատարներն ու բժիշկները։ Հոգեբանորեն, ենթագիտակցորեն դերասաններին պատրաստում եմ այդ խաղին, որպես կանոն նրանց հետ փորձում եմ խոսել, ոչ թե փորձեր անել, փորձերը քիչ են՝ դրանք մարտական գործողություններին են վերաբերում՝ հատուկ հնարքներ, ցատկեր և այլն։ Ինձ ոգևորում, ուժ են տալիս դերասանների խանդավառությունը, բժիշկների պատրաստակամությունը։ Մեզ ոչ միայն անհրաժեշտ են լավ դերասանական կազմ, հագուստ, այլև գործիքներ, միջոցներ, վիրահատարաններ, որոնք չենք կարող կառուցել, բժշկական նկուղ, ուստի պետք է օգտագործենք այն, ինչ կա։ Պատրաստակամությունը շատ մեծ է։ Երբ փայլը, հուզմունքը, անկեղծ արցունքը տեսնում եմ դերասանների աչքերում, համոզվում եմ, որ մենք ճիշտ գործ ենք անում։

-Կան ռեժիսորներ, որոնք իրենց դերասանական խումբն ունեն, սիրում են աշխատել կոնկրետ արտիստների հետ։ Ձեր տարբեր ֆիլմերում հանդիպում ենք նույն արտիստներին, բայց «20 20-ի հրեշտակները» կինոնկարում, կարծես թե, շատ են նոր դեմքերը...

-Կան դերասաններ, որոնց հետ սիրում եմ նկարահանման հրապարակում աշխատել, բայց ազնիվ եմ. ինքս ինձ հարցնում եմ արդյոք այդ դերասանը համապատասխանո՞ւմ է տվյալ դերին։ Դա շատ կարևոր է։ Չեմ կարող ինձ խաբել։ Գուցե, շատ ցանկանամ աշխատել, բայց տեսնեմ, որ այս կամ այն պարագայում հնարավոր չէ։ Նման օրինակներ կան։  Դերասաններին քասթինգով չեմ ընտրում, ես պետք է զգամ, տեսնեմ այդ դերասանին այդ կերպարում ու փորձեմ պրոյեկտել կերպարն ու դերասանին, հասունացնել դերասանի մեջ կերպարը։ Նոր դեմքեր կան թե՛ «Վերածնվածը» ֆիլմում, թե՛ «20 20-ի  հրեշտակները» կինոնկարում, մարդիկ, որոնց հետ առաջին անգամ եմ աշխատելու։ Տաղանդը, շնորհը կարևոր են, սակայն մարդկային որակներն ինձ համար ևս մեծ նշանակություն ունեն։ Ինձ համար կարևոր է աշխատել այն դերասանի հետ, որը լավ մարդ է, ես չեմ կարող իմ հույզերի բաժնեկիցը դարձնել մի մարդու, որը բաց չէ տեսնելու ինձ այնպիսին, ինչպիսին կամ՝ իմ մերկությամբ հանդերձ։ Լավ մարդը, բացառիկ, դրական, աստվածաշնորհ մարդը կարող է կերտել մեծ կերպարներ՝ անկախ էկրանային ժամանակից։ Հնարավոր է մի քանի դերասանի մասնակցությամբ ֆիլմով ցույց տալ հերոսների դրաման, այս ֆիլմի բացառիկությունը նաև նրանում է, որ դերասանների քանակը մեծ է, որովհետև հոսքը, ծավալը, զորաշարժը ցույց տալու համար շատ դերասանների ներգրավվածություն էր հարկավոր։ Մեր սցենարում կա մի դրվագ, երբ արյան ու ցեխի մեջ կորած զինվորը վիրահատարան է բերում իր ընկերոջը, միայն նրա հեռանալուց հետո է բժիշկը հասկանում, որ այդ տղան իր որդին էր։ Քաոսի մեջ տղան էլ իր հորը չի ճանաչել։ Դրվագներ, դրվագներ...

Ֆիլմում պետք է շատ մասնակիցների թիվ լինի, որ հասկանաս՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ամերիկայից, Կանադայից, Ռուսաստանից և այլ երկրներից մարդիկ իրենց նետել են Արցախ ու Հայաստան, մարդիկ, որոնք ուղիղ կապի մեջ են եղել իրենց գործընկերոջ կամ հարազատի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ուղարկեն այս կամ այն գործիքը։ Այստեղ անհավանական աշխատանք է կատարվել։ Չեմ հավատում, որ այդ ամենը բառերով կամ մեկ ֆիլմով հնարավոր է փոխանցել։ Ես փորձում եմ դրա գոնե մի մասի մասին խոսել, ակնարկ անել։ Դժվար է։ Ծավալն ու խելահեղությունն է հարկավոր ցույց տալ։

-Այդ խելահեղությունը ցույց տալու համար դիմե՞լ եք համաարտադրողների։

-2021 թվականի ձմռանը սկսեցինք նյութի վրա աշխատել, 2022-ին արդեն գաղափարի զարգացման փուլում գտնվող նախագիծը ներկայացրի Բեռլինի կինոշուկայում։ Հանդիպում էի մասնագետների հետ, ինչի արդյունքում չորս երկրից համաարտադրողի հետ թղթային համաձայնություն ունենք։ Տարիներ շարունակ հանդիպել եմ հարյուրավոր մարդկանց մի շարք փառատոնների կինոշուկաներում ու գտել այս չորսին՝ Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Բուլղարիա և Հունաստան։

Նրանք պետք է դիմեն իրենց կինոֆոնդերին, կինոկենտրոններին աջակցության համար, ուստի մեզ համար շատ կարևոր է լինելու Հայաստանի կինոյի հիմնադրամի աջակցությունը։ Ես շնորհակալ եմ Հայաստանի ազգային կինոկենտրոնին, մեր նախորդ՝ «Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպաս», «Վերածնվածը» ֆիլմերին աջակցելու համար, և հիմա մեծ հույս ու հավատ ունեմ, որ Կինոյի հիմնադրամը նույնպես իր աջակցությունը կցուցաբերի «20 20-ի հրեշտակները» ֆիլմին, քանի որ մյուս համաարտադրողների հետ գումարը գոյացնելու փուլում շատ կարևոր նշանակություն ունի դա։ Օտարները նայում են արդյոք քո երկիրն աջակցե՞լ է քեզ։ Ի վերջո՝ պետությունները փորձում են աշխատել միմյանց հետ. թեկուզ ներքևում անկախ կինոարտադրողներն են, բայց շատ կարևոր դեր ունի Հայաստան պետության աջակցությունը։ Երբ հայտադիմումի ժամանակը  հայտարարեն, մենք կներկայացնենք ֆիլմի արտադրական փուլի համար հայտ։ 

-Եթե աջակցությունը լինի, ընդհանուր հայտարարի գաք բոլոր կողմերի հետ, մոտավորապես ե՞րբ կսկսվեն նկարահանման աշխատանքները։

-Եթե ամեն բան ճիշտ գնա, սեպտեմբերին կսկսենք։ Մենք նկարահանման տեղանքներն ընտրել ենք, դերասանական կազմը՝ ևս, պատրաստ ենք սկսել բուն նախապատրաստական աշխատանքները, բայց դրա համար կարևոր է լինելու տվյալ ֆոնդերի ֆինանսական ներգրավածությունը։ Ունենք աջակցություն մի քանի հիմնադրամից, փորձում ենք հանդիպել «Հրեշտակ ներդրողներ»-ի հետ, reArmenia առցանց հարթակում դրամահավաք ենք սկսել և մինչև հիմա գոյացրել ենք 19 հազար ամերիկյան դոլարի չափ գումար և ձգտում ենք  հասնել 100 հազարի, քայլ առ քայլ փորձում ենք գոյացնել գումարը։ Դժվար է, կցանկանայի, որ այս հարցազրույցը հասներ ինձ համար դեռևս անծանոթ կամ անհասանելի բուժմիավորումներին, նրանց ղեկավարներին, տարբեր ասոցիացիաների անդամներին, մարդկանց, որոնք այն երևելին կարող են լինել, այն երազողը, որ հրաշալի մի ֆիլմով աշխարհում պատմվի հայ բժշկի մասին սոսկալի պատերազմում, որ պարտվել ենք։ Հավատացեք, ես համոզված եմ դրանում, որ բժիշկները չեն պարտվել. եթե բոլոր օղակները բժիշկների, զինվորների չափ աշխատեին, հնարավոր է՝ պատերազմն այլ ելք ունենար։ Զարմանալի էր նաև փրկարարների աշխատանքը։ Լսում եմ նրանց պամությունները, որպեսզի հետագայում նրանց անդրադառնամ։

-Անդրադարձաք «Վերածնվածը» կինոնկարին։ Մի անգամ չէ, որ խոսել ենք ֆիլմի տարբեր փուլերի մասին։ Շատ եմ սպասում կինոնկարին... Ի՞նչ փուլում է այն։

-«Վերածնվածը» հետարտադրական փուլում է։ 2023 թվականի ամռանը Հայաստանում նկարեցինք արցախյան բաժինը, քանի որ Արցախ գնալ հնարավոր չէր. շրջափակում էր։ Անցած տարի ամռանը Կիպրոսում ավարտեցինք եվրոպական բաժինը, մոնտաժն ավարտված է, ընթանում են վիզուալ էֆեկտների աշխատանքները, ինչպես նաև ձայնային, գունային մշակումը և այլն։ Պետք է մասնակի շեշտեմ հատուկ էֆեկտների աշխատանքը, որը ծավալուն է թե՛ պատերազմի թեմայից, թե՛ արհեստական բանականության կարևորությունից ելնելով։ Ֆիլմում գլխավոր հերոսը արհեստական բանականության (ԱԲ) ինժեներ է, որի ստեղծած ծրագիրը զարգանում է և պատերազմի վրա նոր հայացք նետում։ Շատ գեղեցիկ լուծումներ ենք առաջ բերել, աշխատել ենք հզոր մասնագետների, թոփ դեմքերի հետ։  Կարողացել ենք ֆիլմում ի մի բերել, հորինել, ստեղծել մի գիտաֆանտաստիկ տարր։ Երբ գրում էինք սցենարը, այնքան առաջադեմ արհեստական բանականություն էինք հորինել, որն այն ժամանակ եզակի էր, իսկ այժմ աշխարհում 22 հազար ԱԲ կա։  Փորձում ենք հնարավորինս շուտ ավարտել աշխատանքները, որոնք սովորականից ծավալուն են։ Առաջ Աստված։

«Վերածնվածը»

-Ջիվան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Համբերություն, ուժ և եռանդ եմ մաղթում Ձեր կարևոր առաքելությունն իրականացնելու ճանապարհին։

-Շնորհակալ եմ։ Դա մեզ համար կարևոր է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում