Ադրբեջան

Թեհրանն աջակցություն է հայտնել Անդրկովկասի շուրջ բանակցությունների «3+3» հարթակին

2 րոպեի ընթերցում

Թեհրանն աջակցություն է հայտնել Անդրկովկասի շուրջ բանակցությունների «3+3» հարթակին

Իրանի Իսլամական խորհրդատվական խորհրդի (խորհրդարան) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Բաքու այցի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը լիովին պաշտպանում է «3+3» հարթակը, որը կնպաստի Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Փետրվարի 20-ին Միլի Մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարան) խոսնակ Սահիբա Գաֆարովան Բաքվում հանդիպել է իր իրանցի գործընկեր Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ, որը մասնակցել է Ասիական խորհրդարանական վեհաժողովի 15-րդ լիագումար նիստին։

«Հանդիպմանը քննարկվել է մեր խորհրդարանների միջև կապերի ընդլայնումը` որպես միջպետական ​​հարաբերությունների և միջազգային խորհրդարանական կազմակերպություններում համագործակցության կարևոր ասպեկտ: Կողմերը նաև քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում այսօր առկա նոր հնարավորություններն ու հեռանկարները։ Այդ կապակցությամբ Ղալիբաֆը հայտնել է Իրանի լիակատար աջակցությունը «3+3» հարթակին և վստահությունն այն բանում, որ այս հարթակը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացմանը։ Նշվել է, որ արտաքին երկրների ներգրավումը տարածաշրջանում անընդունելի է», - «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունում։

Փետրվարի 20-ին ավելի վաղ Իրանի խորհրդարանական պատվիրակությանն ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

2023 թ. հոկտեմբերի 3-ին Թեհրանում արտգործնախարարների մակարդակով կայացել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երկրորդ հանդիպումը: «3+3» ձևաչափը ստեղծվել է որպես Հարավային Կովկասի երեք երկրներին (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) և երեք խոշոր տարածաշրջանային տերություններին՝ Իրանին, Ռուսաստանին և Թուրքիային միավորող հարթակ։ Վրաստանը հրաժարվել է «3+3» ձևաչափով հարթակին մասնակցությունից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում