Ադրբեջան

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը շարունակելու է ընդլայնվել մի շարք ռազմավարական ուղղություններով, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի, փոխկապակցվածության և ներդրումների ոլորտներում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ալիևը նշել է, որ ստորագրված փաստաթղթերը երկկողմ հարաբերությունները կհասցնեն նոր մակարդակի։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն արդեն սկսել է ռազմավարական երկխոսություն Գերմանիայի հետ, իսկ երկկողմ օրակարգն ընդգրկում է համագործակցության լայն շրջանակ։

Ալիևը հայտնել է, որ այս տարվանից Ադրբեջանը սկսել է բնական գազի մատակարարումները Գերմանիա՝ նշելով, որ դրանց ծավալները կարող են ավելացվել։ Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ եվրոպական բանկերը նպատակահարմար կլինի վերանայեն նավթագազային նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ իրենց որոշումները։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ ապագայում երկիրը մտադիր է Եվրոպա արտահանել ոչ միայն նավթ և բնական գազ, այլև «կանաչ» էներգիա։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Գերմանիայի միջև էներգետիկ համագործակցությունը լինելու է լայնածավալ, իսկ գերմանական ընկերությունները կներգրավվեն նաև փոխկապակցվածության և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նախագծերում։

Ալիևը նշել է, որ այդ ուղղություններով կստեղծվեն մի քանի աշխատանքային խմբեր, ինչը նախատեսված է նաև ստորագրված փաստաթղթերով։ Ալիևը հայտարարել է նաև, որ ներկայում Ադրբեջանում գործում է ավելի քան 200 գերմանական կապիտալով ընկերություն, և հույս է հայտնել, որ այսօրվա բանակցություններից հետո դրանց թիվը կավելանա։ Նրա խոսքով՝ քննարկվում են նաև փոխադարձ ներդրումների հնարավորությունները և ներկայացվել են առաջարկներ՝ Ադրբեջանում գերմանական ընկերությունների գործունեության ընդլայնման վերաբերյալ։

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կնպաստի ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացմանը, այլև խաղաղության և համագործակցության ամրապնդմանը տարածաշրջանում։ Նա հավելել է, որ Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցին հրավիրել է այցելել Ադրբեջան՝ իրեն հարմար ժամանակ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում