Տնտեսություն

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Հայաստանի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը կստեղծեն համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ էներգետիկայի ոլորտում՝ կենտրոնանալով գազի առևտրի վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Համաձայնագրի մասին հայտարարվել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի միջև Թեհրանում կայացած հանդիպումից հետո։

«Գովաբանելով Հայաստանին դժվարին ժամանակահատվածներում Իրանի կողքին լինելու համար՝ Փաքնեժադը վերահաստատեց Թեհրանի պատրաստակամությունը ամրապնդել համագործակցությունը իր հյուսիսարևմտյան հարևանի հետ՝ իր տեխնիկական և տնտեսական հնարավորությունների շրջանակներում»,-նշում է իրանական լրատվամիջոցը։

Իրանի նավթի նախարարի խոսքով՝ երկու կողմերը քննարկել են էներգետիկ նախագծերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրի ընդլայնումը, տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման գործարանի կառուցումը և նավթամթերքի մատակարարումը Հայաստան։

Փաքնեժադը նաև հայտարարել է, որ Թեհրանն ու Երևանը համաձայնել են ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ և առաջարկել են հնարավորինս շուտ սկսել աշխատանքները, որպեսզի երկկողմ բանակցությունների հաջորդ փուլում կարողանան գնահատվել կոնկրետ արդյունքները։

Իրանի նավթի նախարարը հիշեցրել է, որ երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում գործող գործընկերությունը հիմնված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման համաձայնագրի վրա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Թեհրանում է։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում