Ադրբեջան

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

2 րոպեի ընթերցում

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Գերմանիան մտադիր է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը՝ ընդլայնելով համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ Մերձավոր Արևելքում շարունակվող ճգնաժամի պայմաններում Հարավային գազային միջանցքով նավթի և բնական գազի մատակարարումների ոլորտում համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում։

«Մենք մանրամասն քննարկել ենք այդ հարցը։ Ցանկանում ենք շարունակել մեր էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի մատակարարումների հաշվին»,- հայտարարել է Մերցը։

Կանցլերը նաև նշել է, որ ուրախ է երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման համար։ Նրա խոսքով՝ 2025 թվականի գարնանը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը առաջին անգամ պետական այցով եղել է Ադրբեջանում, իսկ այս տարի ակտիվացել են երկու երկրների խորհրդարանների միջև շփումները։ Մերցն ընդգծել է, որ Ադրբեջանի և Գերմանիայի միջև ստորագրված երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիրը կարևոր հիմք է ստեղծում հարաբերությունների հետագա զարգացման համար։

Նա նաև հայտնել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել Գերմանա-ադրբեջանական տնտեսական խորհուրդ։

«Այս որոշումը կարևոր ազդակ է երկու երկրների ընկերությունների համար և վկայում է այն մասին, որ մենք լրջորեն տրամադրված ենք ընդլայնելու Գերմանիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները»,- ասել է Գերմանիայի դաշնային կանցլերը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում