Շարունակելու ենք ոլորտի ընդհանուր զարգացմանը միտված աշխատանքը. ԱՏՁՄ նախագահ
2 րոպեի ընթերցում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հիմնական նպատակն է երկար տարիների աշխատանքի արդյունքում ձևավորված համախմբվածության շնորհիվ հասնել նոր նվաճումների և բարձունքների՝ ամրապնդելով տեխնոլոգիական աշխարհում Հայաստանի դիրքերը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահի պաշտոնում վերընտրված Ալեքսանդր Եսայանը, որը նաև Team ընկերությունների խմբի համահիմնադիրն է:
«Արդեն 7-8 տարի նախագահում եմ ԱՏՁՄ-ում, որը, ինչպես գիտեք, ձևավորվել է 24 տարի առաջ: Կարեն Վարդանյանի հիմնադրած այս միությունը գործունեության ողջ ընթացքում միշտ ձգտել է ներկայացնել ոչ թե նեղ շրջանակի, այլ ընդհանրապես ոլորտի շահերը: Կարծում եմ, որ այս մոտեցումն ամուր խարսխվել է բոլորիս գիտակցությունում: Ի սկզբանե 10 անդամ ունեցող ԱՏՁՄ-ին այսօր արդեն անդամակցում է 216 ընկերություն, Միությունն ապահովում է Հայաստանում IT ոլորտի վճարած հարկերի ավելի քան 70 տոկոսը: Այսինքն, արդեն ներկայացնում ենք ոչ թե առանձին ընկերություններ, այլ ոլորտը: Ըստ այդմ, շարունակելու ենք ոլորտի ընդհանուր զարգացմանը միտված աշխատանքը և տարբեր ծրագրերի ու նախագծերի իրականացումը: Այդ թվում՝ մտադիր ենք «Դիջիթեք»-ը դարձնել միջազգային հարթակ՝ մասնակցությանը ներգրավելով նաև արտասահմանյան ընկերությունների»,- նշեց Ալեքսանդր Եսայանը:
Նա ընդգծեց, որ ոլորտի զարգացումն ապահովելու առումով այսօր, երբ արհեստական բանականության ներդրմամբ IT ոլորտն ամբողջ աշխարհում որոշակիորեն փոփոխության է ենթարկվում, Հայաստանում հույժ կարևոր է շատ արագ արձագանքել իրադարձությունների զարգացմանը և մարտահրավերներին: Նշվեց, որ ի թիվս այլ խնդիրների՝ պետք է առանձնակի ուշադրություն դարձնել կիբեռանվտանգության ապահովմանը:
