Բացվել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նորոգված վարչական շենքը և անազատության մեջ գտնվողների պահման վայրը
2 րոպեի ընթերցում

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել վարչական շենքի և կալանավորված անձանց պահելու վայրի բացման հանդիսավոր արարողությունը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արդարադատության նախարարության տարածած հաղորդգրությունից, բացման արարողությանը ներկա Սրբուհի Գալյանը, խոսելով անազատության մեջ գտնվող անձանց պահման պայմանների բարելավման անհրաժեշտությունից, նշել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկն իր պայմաններով առանձնահատուկ կարգավիճակ ունի և մոտ ապագայում կարող է այն նշաձողը դառնալ, որին պետք է ձգտեն և հասնեն մյուս քրեակատարողական հիմնարկները։
«Ինչպես գիտենք, այստեղ անազատության մեջ գտնվողները յուրահատուկ են, քանի որ կանայք են և անչափահասներ, և այդ է պատճառը, որ առաջին հերթին պետք է բարեկարգվի հենց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը»,- ընդգծել է նախարարը։
Խոսելով նորոգված վարչական շենքից՝ Սրբուհի Գալյանն ընդգծել է պետական ծառայողների արժանապատիվ աշխատանքային պայմանների անհրաժեշտությունը։ Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում միջոցներ կստեղծվեն բոլոր քրեակատարողական հիմնարկներում ապահովելու «Աբովյան» ՔԿՀ-ի չափանիշները։
Միջոցառման հյուր Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է անազատության մեջ պահվող անձանց իրավունքների իրացումը՝ շեշտադրելով հատկապես պատշաճ բժշկական ծառայության կարևորությունը։
Քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանը շնորհավորել է գործընկերներին՝ ծառայությունը բարեկարգ պայմաններում իրականացնելու հնարավորության առթիվ և շնորհակալություն հայտնել կատարված հսկայածավալ աշխատանքի համար։
Արդարադատության նախարարը՝ Մարդու իրավունքների հետ շրջայց է իրականացրել «Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգված հատվածներում, զրուցել ազատազրկվածների հետ։ Սրբուհի Գալյանն այցելել է նաև հիմնարկի չգործող կեցավայր, որը հետագայում ենթակա է նորոգման։
Տեղեկացնենք, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են պետական միջոցներով։