Ազգային ժողովը քննարկում է երեք նախարարությունների անվանափոխության հարցը
4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ փաթեթով առաջարկվում է անվանափոխել երեք նախարարություն և վերանայել դրանց գործառույթները։
«Նպատակն է արդիականացնել պետական կառավարման համակարգը՝ այն համապատասխանեցնելով Կառավարության կողմից իրականացվող պետական քաղաքականությանը և Հայաստանի զարգացման առաջնահերթություններին»,- ասաց նա։
Գալյանը մանրամասնեց, որ առաջարկվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։
Նա նշեց, որ արհեստական բանականության ուղղությամբ ներկայում իրականացվում են տարբեր պետական նախաձեռնություններ։
Մասնավորապես, մշակվել է պետական կառավարման համակարգում արհեստական բանականության գործիքների կիրառման և կարգավորման հայեցակարգի նախագիծ, իսկ 2026 թվականին նախատեսված պետական աջակցության փորձնական ծրագրի նպատակն է ԱԲ նորարարներին, հետազոտողներին և կազմակերպություններին հասանելի դարձնել բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ։
«Արհեստական բանականության ինտեգրման և զարգացման ուղղությունը նախարարությանը վերապահված պետական քաղաքականության արդեն իսկ առանձին և տեսանելի ուղղություն է դարձել, և նախագծով առաջարկվում է այդ պատասխանատվությունն արտացոլել նաև գերատեսչության անվանման մակարդակում»,- ասաց նախարարը։
Նախագծով առաջարկվում է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։
«Նոր անվանումը շեշտադրում է պետության հիմնական նպատակը՝ ոչ միայն սոցիալական խնդիրներին արձագանքը, այլ նաև մարդկանց և ընտանիքների բարեկեցության շարունակական բարելավումը»,-ասաց Գալյանը։
Միաժամանակ առաջարկվում է Արտաքին գործերի նախարարությունը վերանվանել Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։
Սրբուհի Գալյանի խոսքով՝ փոփոխության նպատակն է ավելի արդյունավետ համատեղել արտաքին քաղաքականությունն ու տնտեսական համագործակցությունը։
«Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնումն ու միջազգային առևտրի ոլորտի զարգացումները պահանջում են, որ նախարարության գործառույթներն ու անվանումն ամբողջությամբ արտացոլեն նաև այս ուղղությամբ իրականացվող քաղաքական առաջնահերթությունն ու կարևորությունը»,- ասաց նա։
Սրբուհի Գալյանը, պատասխանելով պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին, թե Արտաքին գործերի նախարարության անվանափոխությունը ենթադրում է արդյոք, որ ավելանալու է նաև փոխնախարարի հաստիք, որը զբաղվելու է հենց արտաքին առևտրի հարցերով, պատասխանեց, որ այս պահին նման հարց չի քննարկվում։
«Փոխնախարարների թիվն այս պահին փոփոխության չի ենթարկվելու»,-ասաց նա։