Գեղարքունիքի մարզային գրադարանում կազմակերպվել է հանդիպում գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ
2 րոպեի ընթերցում

Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանում կազմակերպվել է հանդիպում գրող և գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, հանդիպմանը մասնակցել են Գավառ համայնքի ընթերցասերներ, Գավառի պետական համալսարանի դասախոսներ, հանրակրթական ու արվեստի դպրոցի մանկավարժներ։
Միջոցառումը նվիրված էր Հովիկ Չարխչյանի «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» գրքին, որը բացահայտում է մեծանուն բանաստեղծի կյանքի ու սիրո անհայտ էջերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ միայն այս ստեղծագործությունը, այլև հեղինակի գրականագիտական աշխատանքներն ու գրական ժառանգության այլ կարևոր հատվածներ։
Մեծ տպավորություն է թողել Պարույր Սևակի և Սուլամիթայի նամակների ընթերցումը, որոնք ներկայացրել են Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Նորայր Հերգնյանը և դերասանուհի Արմինե Հակոբյանը։ Հուզիչ պահերն առավել առանձնահատուկ են դարձրել գրադարանի ընթերցող Լալա Միրիբյանի երաժշտական կատարումները։
«Հանդիպումը հատկապես խորհրդանշական էր, քանի որ այն համընկել էր Սուրբ Սարգսի տոնի հետ։ Այս գեղեցիկ օրն ավելի տպավորիչ դարձրեց Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտների գեղեցիկ ու բովանդակալից ներկայացումը՝ նվիրված տոնի խորհրդին ու սիրո ուժին։
Գրողի և հանդիսատեսի միջև ծավալված անմիջական ու բովանդակալից երկխոսությունը հնարավորություն տվեց ընթերցողներին՝ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։ Հանդիպումն անցավ ջերմ և մտերմիկ մթնոլորտում»,-ներկայացրեց Մարիամ Համբարձումյանը։