Քոչարյանը ԼՂ հայերի վերադարձի միակ հնարավորությունը կապում է նոյեմբերի 9-ի հայտարարության հետ

3 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի միակ ճանապարհը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից կառչելն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։ 

«Այսօր ղարաբաղցիներին Ղարաբաղ վերադարձնելու միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է։ Եթե Ադրբեջանն ասում է՝ ճանապարհ, մենք շատ հանգիստ կարող ենք ասել՝ այդ ճանապարհը (խմբ. նկատի ունի հաղորդակցությունների ապաշրջափակումը, որն ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով) ընդամենը մեկ կետ է եռակողմ հայտարարության մեջ, եթե դուք պատրաստ եք ամբողջությամբ այդ հայտարարությանը վերադառնալ, նստենք, քննարկենք։ Եվ սա միակ տեղն է, որից կարելի է բռնել և ղարաբաղցիների վերադարձը հետ բերել բանակցային գործընթաց։ Այդ հնարավորությունը ես տեսնում եմ, հավանականությունը շատ փոքր է, բայց մենք այն վիճակում ենք, որ նույնիսկ փոքր հնարավորությունը պետք է օգտագործենք»,-ասաց Քոչարյանը։

Նա նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի հնարավոր վերադարձի համատեքստում միջազգային երաշխիքների անհրաժեշտության հարցին։  

«Առանց որևէ միջազգային երաշխիքի ոչ մի ղարաբաղցի հետ չի գնա։ Եթե խոսքը վերադարձի մասին է, ուրեմն անհարժեշտ է վերադարձի երաշխիքների փաթեթ։ Դա քննարկման, բանակցային գործընթացի հարց է՝ դու կարողանո՞ւմ ես հասնել այդ փաթեթի լիարժեքության, թե՞ չես կարողանում։ Եվ այդ փաթեթից է կախված լինելու ղարաբաղցիների քանի տոկոսն է վերադառնալու և քանի տոկոսն է հրաժարվելու այդ իրավունքից»,-ասաց Քոչարյանը։

Նա շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի վերադարձի հարցը պետք է պահել բանակցային օրակարգում, քանի որ այն մնում է Ադրբեջանի թույլ կողմերից մեկը։ 

«Ամենից վատն ընդհանրապես ոչինչ չանելն է։ Եթե այդ հարցն ընդհանրապես չես քննարկում, ուրեմն Ադրբեջանի վրա ազդելու որոշակի հնարավոր լծակից ինքնակամ հրաժարվում ես, որովհետև սա այն հարցն է, որը լավ թեմա չէ Ադրբեջանի համար, էթնիկ զտումն իրենք են արել։ Սա նշանակում է էթնիկ զտման փաստը բերել բանակցային սեղան»,-եզրափակեց Քոչարյանը։ 

Հայերեն Español Русский

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները

Արաղչին կարճ զրույց է վարել Լավրովի հետ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից առաջ

Սոցիալական ծրագրերի աջակցության գործում բիզնեսի ակտիվությունը ևս անհրաժեշտություն է․ Արսեն Թորոսյան

Գավառի Առվույտի դաշտի ամրոցը և բնակատեղին