Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի համար ԵՄ մտնելու հեռանկար չի տեսնում
2 րոպեի ընթերցում

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի համար Եվրամիություն մտնելու հեռանկար չի տեսնում, հնարավորությունը համարում է զրոյական:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսում:
Քոչարյանի կարծիքով՝ ԵՄ-ն այսօր լուրջ ճգնաժամի մեջ է: Դա, ըստ Քոչարյանի, ունի մի քանի բաղադրիչ՝ առաջնորդության ճգնաժամ, իմաստային ճգնաժամ և տնտեսական ճգնաժամ:
«Եվրոպական պրոյեկտն ինքն այսօր ճգնաժամի մեջ է»,–ասաց նա:
Եվրամիությունը, ըստ Քոչարյանի, չի փլուզվելու: «Սակայն Եվրամիությունը ստիպված է լինելու բավական լուրջ բարեփոխումների ենթարկել ինքն իրեն: Եվ առաջին հերթին ԵՄ-ին միանալու բոլոր գործընթացները սառեցնելու է, չեմ կասկածում: Կարող է՝ հասունացած մի երկու հարց որոշեն, բայց մնացածը սառեցվելու է»,-նշեց նա:
Անդրադառնալով Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցով տեղի ունեցող գործընթացներին՝ նա ասաց. «Դու գնում ես մի տեղ, որտեղ քեզ չեն սպասում ընդհանրապես, դու գնում ես մի տեղ, որը բավականին պրոբլեմային է ինքն իրենով: Եվ այդ պրոբլեմային լինելն ընդունում է նաև Միացյալ Նահանգները: Այնտեղ մտնելու հեռանկար ուղղակի չկա, զրոյական է»:
Քոչարյանը նկատեց՝ Եվրամիության ընկալումը Հայաստանում չափազանց դրական է: Եվ նրա կարծիքով՝ ԵՄ մտնելու մտադրությունը, այդ ուղղությամբ քայլերն իշխանության համար «նախընտրական դրոշ» են լինելու: Ըստ նրա՝ հետևանքները շատ ծանր են լինելու: «Երկու աթոռի վրա չես կարող նստել, դրանք իրարից շատ հեռու են»,-հավելեց Քոչարյանը:
Հայաստանի Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։