Գեղարքունիքում ավարտվել է 2024-2025 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը
3 րոպեի ընթերցում

Դպրոցականների 2024-2025 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային փուլն անցկացվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կեսաբանություն», «Աստղագիտություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Պատմություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Նախնական զինվորական պատրաստություն» և «Ընթերցանություն» առարկաներից։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները համապատասխան հանձնաժողովների կողմից ամփոփվել և ներկայացվել են առարկայական օլիմպիադայի կազմկոմիտե, որտեղ էլ կորոշվի և կհաստատվի մարզային փուլի հաղթողների և հանրապետական փուլի մասնակիցների ցանկը։
Այս տարի առաջին անգամ մարզի հանրակրթական հաստատությունների 5-րդ և 6-րդ դասարանցիների շրջանում կազմակերպվել է ընթերցանության օլիմպիադա «Մայրենի» առարկայի շրջանակում՝ դպրոցական և մարզային փուլերով։ Այն անցկացվել է փետրվարի 12-ին, որով էլ եզրափակվել է օլիմպիադայի մարզային փուլը։
Ընթերցանության օլիմպիադան ընթացել է տեքստի լուռ ընթերցանության և վերարտադրության ձևաչափով։
«Այս օլիմպիադայի ներդպրոցական փուլին մասնակցել է 532 աշակերտ, որոնցից 67-ը ներկայացվել են մարզային փուլի։ Համաձայն սահմանված ընթացակարգի՝ օլիմպիադայի դպրոցական փուլի մասնակիցների կատարած աշխատանքները ստուգել են դպրոցի տնօրենի հրամանով «Մայրենի» և «Հայոց լեզու և գրականություն» առարկաների ուսուցիչներից ձևավորված հանձնաժողովները, իսկ մարզային փուլի մասնակիցների կատարած աշխատանքները կստուգեն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ձևավորված «Հայոց լեզու և գրականություն» առարկայի մասնագետական հանձնաժողովները։
Առաջադրանքները գնահատվում են 100 միավորանոց սանդղակով։ Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ փետրվարի 19-ին, « Գիրք նվիրելու օրվա» միջոցառումների շրջանակում, այս օլիմպիադայի հաղթողներին հնարավորություն կտրվի այցելելու Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարան և մասնակցելու ընթերցանության միջոցառմանը»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից: