ՀՀ ԱԳ նախարարությունում քննարկվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկումը
1 րոպեի ընթերցում
![ՀՀ ԱԳ նախարարությունում քննարկվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկումը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/11/N7KOMXJRN2KKxtXf5qrrtl2u282emvtapz3IvLwy.webp)
ՀՀ ԱԳ նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության և Եվրոպայի վարչության Եվրոպական միության բաժնի ներկայացուցիչների ու Եվրոպական միությունից ժամանած պատվիրակության մասնակցությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկումը, ներկայացվել են ՀՀ ԱԳՆ-ի և օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների կողմից իրականացվող հյուպատոսական գործառույթները:
Եվրոպական միության պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ԵՄ համապատասխան տնօրինությունների, Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչներ, փետրվարի 10-14-ը ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում գտնվելու է Հայաստանում:
Այցի նպատակը փաստաթղթերի անվտանգության, սահմանների, միգրացիայի կառավարման և առնչվող այլ ոլորտներում Հայաստանի պատրաստվածության ընդհանուր գնահատումն է, որը կնպաստի ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործողությունների ծրագրի մշակմանը: