Միացյալ Նահանգներ

Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը

Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է Լիխտենշտայնի և Ավստրիայի կողմից կազմակերպված Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի տարեկան հանդիպմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է աճող միջազգային արդի ճգնաժամերի համատեքստում միջազգային իրավական կառույցների արդյունավետության և վստահելիության պահպանման կարևորությունը։ 

Նա նշել է, որ Հայաստանն աջակցում է Միջազգային քրեական դատարանի կողմից իր մանդատի անկախ և անաչառ իրականացմանը՝ Հռոմի կանոնադրությանը և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։

ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը ներկայացրել է Հռոմի կանոնադրության համակարգում Հայաստանի ներգրավվածության շրջանակներում ազգային օրենսդրական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ 

Այս համատեքստում կարևորվել է տեխնիկական համագործակցության և մասնագիտական փորձի փոխանակման ընդլայնումը։ 

Դավիթ Կարապետյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը նախարարական ոչ պաշտոնական ցանցի անդամների, Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի և Միջազգային քրեական դատարանի հետ՝ արդյունավետ, անկախ, անաչառ և տուժողների իրավունքների վրա հիմնված միջազգային քրեական արդարադատության համակարգի ամրապնդման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում